ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքին պատկանող The Trump Organization ընկերությունը տեղական և միջազգային գործընկերների հետ ծրագրում է Թբիլիսիում Trump Tower երկնաքեր կառուցել։ Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ 70-հարկանի շենքը նախատեսվում է կառուցել Թբիլիսիի Կենտրոնական այգու (նախկինում ձիարշավարան) հարակից հատվածում և ակնկալվում է, որ այն կդառնա Վրաստանի ամենաբարձր շենքը։
Նույն աղբյուրների համաձայն՝ նախագծի ճարտարապետական հայեցակարգը մշակում է միջազգային Gensler ընկերությունը, իսկ նախաձեռնության գործընկերների թվում են վրացական Archi Group-ը, Biograpi Living-ը և նյույորքյան Sapir Organization-ը։ Համալիրը կլինի բազմաֆունկցիոնալ և կներառի շքեղ բնակարաններ, առևտրային տարածքներ, ռեստորաններ և այլ ենթակառուցվածքներ։
Սա, սակայն, Թրամփի բրենդով Վրաստանում առաջին նախագիծը չէ։ Ավելի վաղ Trump Tower-ի կառուցում էր նախատեսվում նաև Բաթումիում։ 2012 թվականին Վրաստանում նախագծի ներկայացմանն անձամբ Դոնալդ Թրամփն էր ներկա։
Նախնական ծրագրով՝ 47-հարկանի աշտարակի շինարարությունը պետք է սկսվեր 2013-ին և ավարտվեր 2014-ի ավարտին։ Սակայն նախագիծը այդպես էլ չիրականացվեց և 2017-ին վերջնականապես դադարեցվեց։ Պաշտոնական պատճառաբանությամբ՝ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո անհրաժեշտ էր խուսափել շահերի բախումից։