Գիշերը ռուսական զորքերի անօդաչու թռչող սարքերը գրոհել են Սումին: Տուժել է 15 մարդ, այդ թվում՝ 3 դեռահաս աղջիկներ, նրանք հոսպիտալացվել են, Տելեգրամում գրել է Սումիի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը:
Քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Կրիվոշեենկոյի փոխանցմամբ՝ Զարեչնի շրջանում վնասվել են բազմահարկ շենքեր, ենթակառուցվածքներ և ավտոմեքենաներ:
Ռուսական բանակը նաև ավիահարվածներ է հասցրել Դոնեցկի մարզի Սլովյանսկ (Սլավյանսկ) քաղաքին, հաղորդել է տեղական ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Լյախը: Նրա տվյալներով՝ տուժել է 3 մարդ, ավերվել է ուսումնական հաստատության շենք:
Դնեպրոպետրովսկի մարզում ռուսների հարվածների հետևանքով 4 մարդ է տուժել, հաղորդել է տեղի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան:
Ուկրաինայի զինված ուժերի հաղորդմամբ՝ ապրիլի լույս 21-ի գիշերը երկրի վրա արձակվել են ռուսական երկու «Իսկանդեր» հրթիռներ և 143 անօդաչու թռչող սարքեր: Խոցվել է 116 անօդաչու:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել այս հաղորդումները: