ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինուժը Իրանի դրոշի ներքո նավարկող բեռնանավ է գրավել, որը փորձել է շրջանցել ամերիկյան ռազմածովային ուժերի շրջափակումը:
Վաշինգտոնից հայտնում են՝ բեռնանավն ԱՄՆ-ի «լիարժեք վերահսկողության տակ է»։
«Այսօր, Իրանի դրոշի ներքո նավարկող TOUSKA բեռնանավը փորձել է անցնել մեր ծովային շրջափակումը, և լավ չստացվեց իրենց համար», - սոցցանցում նախօրեին գրել է նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ անձնակազմն անտեսել է կանգ առնելու բազմաթիվ զգուշացումները:
«TOUSKA-ն գտնվում է ԱՄՆ Ֆինանսների նախարարության պատժամիջոցների տակ՝ նախկինում Իրանի համար ապօրինի գործունեություն ծավալելու համար: Մենք լիարժեք վերահսկում ենք նավը և ստուգում ենք, թե ինչ կա դրա վրա»,- հայտարարել է Թրամփը։
Իրանի բարձրագույն ռազմական հրամանատարությունը մեղադրել է ԱՄՆ-ին Օմանի ծոցում իրանական առևտրային նավերից մեկի վրա կրակ բացելով հրադադարի ռեժիմը խախտելու համար և խոստացել է հակահարված տալ։
Լարվածությունը գրանցվել է այսօր Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունների ֆոնին։ Թրամփը նախօրեին հայտնել է, որ ամերիկացի բանագնացներն այսօր կլինեն Իսլամաբադում՝ բանակցելու Իրանի հետ, սակայն Թեհրանից արձագանքել են՝ քանի դեռ ԱՄՆ-ն Իրանին ծովային շրջափակման է ենթարկում, պատվիրակություն չի գործուղի Իսլամաբադ։