Մատչելիության հղումներ

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է «Ուժեղ Հայաստանի» Արտաշատի ներկայացուցիչներին

Հակակոռուպցիոն կոմիտեն, «Ազատության» տեղեկություններով, ձերբակալել է «Ուժեղ Հայաստանի» Արտաշատի ներկայացուցիչներին ընտրակաշառքի կասկածանքով:

Կոմիտեն դեռ չի հաստատում այս տեղեկությունները:

Գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը քիչ առաջ ահազանգել էր իրենց համակիրներին բերման ենթարկելու և խուզարկությունների մասին:

Նա բերման ենթարկվածների հստակ թիվ չի հայտնել, միայն նշել է, որ նրանց շարքերում կա ընտրացուցակում ընդգրկված իգական սեռի ներկայացուցիչ:

Կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Ղազինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սրանք «բռնաճնշումներ են» իրենց քաղաքական ուժի նկատմամբ ընտրություններին ընդառաջ:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու անդամներ այս շաբաթ ձերբակալվել էին նախընտրական շրջանում արգելված բարեգործության մեղադրանքով, ապա ազատ արձակվել վարչական վերահսկողության պայմանով:

Հակակոռուպցիոն կոմիտեն, հիմնվելով գաղտնալսման վրա, հայտարարել էր, թե անցած ամիս, երբ ընտրությունների հետ կապված արդեն թեկնածուների կողմից բարեգործության արգելք կար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանը բնակիչներին գումար են տրամադրել և արտոնյալ ծառայություններ խոստացել:

Մինչդեռ ընդդիմադիր կուսակցությունն ու փաստաբան Արամ Վարդևանյանը հերքում են կապն ընտրությունների հետ՝ հայտարարելով, որ մեղադրանքի հիմքում դրված ապացույցներից մեկն արդեն հերքվել է:

XS
SM
MD
LG