Վերջին 30 տարում առաջին անգամ Հայաստանից ապրանքի ներկման լուրը հրապարակելուց ժամեր անց պաշտոնական Բաքուն բացահայտեց, թե ինչ է տեղափոխվել այդ երկիր:
Չնայած Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հայտարարեց, որ Հայաստանից ոչինչ չի արտահանվել Ադրբեջան, ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրենց ՊԵԿ-ին, գրել էին, թե Հայաստանից Ադրբեջան են տարվել հոլանդական վարդեր: Ավելի ուշ ադրբեջանական ՊԵԿ-ը հստակեցրեց՝ 960 դոլար արժողությամբ վարդերը փաստացի ներկրվել են Նիդերլանդների Թագավորությունից։ «Ներմուծման ժամանակ գործընկեր համարվում ապրանքի ծագման երկիրը: Այդ իսկ պատճառով վարդերը վիճակագրության մեջ արտացոլվել են որպես Հայաստանից ներմուծված», - հայտնել են ադրբեջանական ՊԵԿ-ից:
Թե ով է 960 դոլար արժողությամբ վարդերի ներկրողը, ադրբեջանական կողմը չի բացահայտել:
Ըստ պաշտոնական աղբյուրի՝ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանն Ադրբեջանից շուրջ 5.8 միլիոն դոլարի ապրանք է ներկրել. այս պահին, Ադրբեջանի պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի ու Ադրբեջանի առևտրաշրջանառության սալդոն գրեթե 100 տոկոսով Ադրբեջանի օգտին է:
Հայկական կողմն առայժմ Ադրբեջանի հետ առևտրաշրջանառության մասին ամսական պաշտոնական վիճակագրություն չի ներկայացրել:
Ըստ հրապարակված տվյալների՝ Հայաստան արտահանված 5.8 միլիոն դոլարի ապրանքն Ադրբեջանի արտահանումների ընդհանուր ծավալի 0.11 տոկոսն է: Ադրբեջանական կողմի համաձայն՝ 960 դոլարի ապրանքը Հայաստանից գնել են անցած ամիս:
2025 թվականի նոյեմբերին առաջին անգամ ռուսական ցորենով բեռնված գնացք էր ժամանել Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Իսկ վառելանյութի առաջին խմբաքանակն Ադրբեջանից ներկրվել էր դեկտեմբերին:
«Քաղաքացիական պայմանագրից» փետրվարին հայտնել էին, որ Հայաստանը 1-2 ամսից կարող է ապրանքներ արտահանել Ադրբեջան։ Ամիսներ անց փոխադարձ առևտրի սալդոն գրեթե ամբողջությամբ Ադրբեջանի օգտին է: