Մատչելիության հղումներ

Տնային կալանքի միջնորդություն՝ Գոհար Ղումաշյանի նկատմամբ

Միջնորդություն է ներկայացվել դատարան «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ, հայտնում է Հակակոռուպցիոն կամիտեն:

«Հաշվի առնելով մեղադրյալ Գոհար Ղումաշյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, այդ թվում՝ վերջինիս անչափահաս երեխաներ ունենալը, որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան», - ասվում է հաղորդագրությունում։

Փաստաբան, «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակում ընդգրկված Արամ Վարդևանյանն էր հայտնել, որ Ղումաշյանը ձերբակալվել է: Կուսակցության անդամ Գոհար Մելոյանի փոխանցմամբ՝ նա բերման էր ենթարկվել կուսակցության գրասենյակից:

Մելոյանը գործի մասին միայն հայտնել էր, որ խոսքը բարեգործության արգելքի մասին է՝ առանց մանրամասների: Գոհար Ղումաշյանը երեք երեխաների մայր է, փոքրի 2 ամսականը դեռ չի լրացել:

Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հայտնել է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, թե ընտրությունների նշանակվելուց հետո, բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ համապետական ընտրություններին մասնակցող ՀՀ տարբեր բնակիչների մարտին «բարեգործության անվան տակ մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում՝ արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում»։

Երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնք ձերբակալվել են։ Հակակոռուպցիոնը, սակայն, հաղորդագրությունում ձերբակալվածների ինքնությունը չէր նշել:


XS
SM
MD
LG