Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ։
Միրզոյանն ու Կալլասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչման հարցեր, անդրադարձել մայիսին Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի բովանդակային նախապատրաստման հարցերին:
Արարատ Միրզոյանը և Կայա Կալլասը քննարկել են ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները, որոնք ՀՀ-ԵՄ արժեքահեն գործընկերության և ռազմավարական օրակարգի կարևոր մաս են կազմում: Համաձայնություն է ձեռք բերվել ժողովրդավարական գործընթացներին աջակցության նպատակով առկա հստակ մեխանիզմների շարունակականության և արդյունավետության ապահովման շուրջ, ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում:
Նրանք ընդգծել են տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության խթանման հարցում փոխշահավետ ծրագրերի կյանքի կոչման կարևորությունը:
Մայսիսի 4-ին Երևանում անցկացվելու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը:
Մայիսի 4-5-ը Երևանում կայանալու է Հայաստան-Եվրամիություն անդրանիկ գագաթնաժողովը, որին Հայաստանը ներկայացնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Եվրոպական միությունը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան` Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ միասին: