Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն և Իրանը կարող են բանակցությունների երկրորդ փուլ անցկացնել. AP

AP-ի հաղորդմամբ՝ մինչև ԱՄՆ-Իրանի միջև ձեռք բերված երկշաբաթյա հրադադարի ավարտը, քննարկվում է նոր բանակցություններ անցկացնելու հնարավորությունը:

AP-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Իսլամաբադը կրկին քննարկվում է որպես հանդիպման անցկացման վայր։ Ամերիկացի պաշտոնյաները լրատվամիջոցին նաև հայտնել են, որ հնարավոր է նաև Ժնևում տեղի ունենան բանակցությունները: Նշվում է, որ Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպման ճշգրիտ ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չեն, սակայն բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ ապրիլի 16-ին։

AFP-ին էլ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Պակիստանը աշխատում է բանակցությունների երկրորդ փուլ անցկացնելու համար:

«Աշխատանքներ են տարվում երկու կողմերին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար, իհարկե, մենք ցանկանում ենք, որ նրանք վերադառնան Իսլամաբադ, բայց վայրը դեռևս վերջնականապես որոշված չէ», - հայտնում է AFP-ին՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ըստ Reuters-ի՝ ԱՄՆ պաշտոնյան հայտարարել է, որ Իրանի հետ շարունակական փոխգործակցություն կա և առաջընթաց է նկատվում համաձայնության հասնելու ջանքերի հարցում: Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը նույնպես ասել է, որ հակամարտությունը լուծելու ջանքերը դեռևս ընթացքի մեջ են:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Իրանը երկուշաբթի օրը կապի մեջ է եղել և ցանկանում է համաձայնագիր կնքել: Թրամփն ընդգծել է, սակայն, որ հավանություն չի տա որևէ համաձայնագրի, որը թույլ կտա Թեհրանին միջուկային զենք ունենալ։

ԱՄՆ-ի և Իրանի միջև Պակիստանում սկսված բանակցությունները կիրակի օրն ավարտվեցին առանց համաձայնության։ Այնուամենայնիվ, ԱՄՆ պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նախօրեին Fox News-ին ասել է, որ ԱՄՆ-ն «մեծ առաջընթաց է գրանցել»՝ Թեհրանին փոխանցելով, թե որտեղ կարող է ԱՄՆ-ը «որոշ զիջումների գնալ» և որտեղ կմնա անզիջում»:



XS
SM
MD
LG