ԱՄՆ զինված ուժերը երկուշաբթի սկսել են Իրանի նավահանգիստների շրջափակումը, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ Թեհրանը սպառնացել է պատասխան քայլեր ձեռնարկել:
Շրջափակումը սկսելուց կարճ ժամանակ անց Թրամփը սոցիալական ցանցերում զգուշացրել է, որ իրանական ռազմանավերը, որոնք «կմոտենան» ԱՄՆ շրջափակմանը, կոչնչացվեն «արագ և դաժան» հարվածով:
Ըստ Reuters-ի՝ ԱՄՆ պաշտոնյան հայտարարել է, որ Իրանի հետ շարունակական փոխգործակցություն կա և առաջընթաց է նկատվում համաձայնության հասնելու ջանքերի հարցում: Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը նույնպես ասել է, որ հակամարտությունը լուծելու ջանքերը դեռևս ընթացքի մեջ են:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Իրանը երկուշաբթի օրը կապի մեջ է եղել և ցանկանում է համաձայնագիր կնքել: Թրամփն ընդգծել է, սակայն, որ հավանություն չի տա որևէ համաձայնագրի, որը թույլ կտա Թեհրանին միջուկային զենք ունենալ։
«Իրանը միջուկային զենք չի ունենա», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ որևէ երկիր շանտաժի ենթարկի աշխարհը»։
ԱՄՆ-ի և Իրանի միջև Պակիստանում սկսված բանակցությունները կիրակի օրն ավարտվեցին առանց համաձայնության։ Այնուամենայնիվ, ԱՄՆ պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նախօրեին Fox News-ին ասել է, որ ԱՄՆ-ն «մեծ առաջընթաց է գրանցել»՝ Թեհրանին փոխանցելով, թե որտեղ կարող է ԱՄՆ-ը «որոշ զիջումների գնալ» և որտեղ կմնա անզիջում»: