Իրանին տված վերջնաժամկետից 2 ժամ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի։
«Ուրախ եմ հայտարարել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ իրենց դաշնակիցների հետ միասին, համաձայնության են եկել ամենուր անհապաղ հրադադարի շուրջ», - X-ում գրել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը։
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կսկսվեն ուրբաթ օրը Իսլամաբադում։
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը, որը միջնորդել էր հրադադարի հարցում, X-ի գրառման մեջ նշել է, որ իրանական և ամերիկյան պատվիրակություններին ուրբաթ օրը հրավիրել է հանդիպելու Իսլամաբադում։
«Սա երկկողմանի զինադադար կլինի», - իր Truth Social հարթակում գրել է ԱՄՆ նախագահը և նշել. «Սա անելու պատճառն այն է, որ մենք արդեն հասել և գերազանցել ենք ռազմական բոլոր նպատակները և շատ առաջ ենք գնացել Իրանի հետ երկարաժամկետ խաղաղության և Մերձավոր Արևելքում խաղաղության վերաբերյալ վերջնական համաձայնագրի կնքման հարցում»։
ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ «ամբողջ քաղաքակրթությունը կվերանա այսօր գիշեր», եթե Իրանը չկարողանա համաձայնության գալ:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարության մեջ նշել է, որ Թեհրանը կդադարեցնի հակահարձակումները և կապահովի ջրային ուղիով անվտանգ անցում։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է. «Ճշմարտությունն այն է, որ նախագահ Թրամփը և մեր հզոր զինված ուժերը համոզեցին Իրանին համաձայնվել Հորմուզի նեղուցը վերաբացել, և բանակցությունները կշարունակվեն»։
ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված երկշաբաթյա հրադադարից հետո նավթի գինը նվազել է 100 դոլարից:
ԱՄՆ-Իսրայել համատեղ հարձակումն Իրանի դեմ սկիզբ է առել փետրվարի 28-ին։ Իրանն ի պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին և ամերիկյան ռազմաբազաներ ունեցող Ծոցի երկրներին։