Մեծ Բրիտանիայի կառավարությունն արգելել է ԱՄՆ ռեփեր Քանյե Ուեսթին մուտք գործել երկիր։ Հիմնավորումն այն է, որ հայտնի աստղի ներկայությունը «ոչ նպաստավոր կլինի հասարակության բարեկեցությանը»։
Ռեփերը հրավիրված էր մասնակցելու Լոնդոնում կայանալիք Wireless երաժշտական փառատոնին։
Ուեսթին նախկինում քննադատել են հակասեմական արտահայտությունների և Նացիզմ խրախուսելու համար։ Դրա հետևանքով մի քանի անգամ արգելափակվել են նրա սոցիալական մեդիայի հաշիվները։ Բացի այդ 2025 թվականին Ուեսթը թողարկել էր «Heil Hitler» երգը՝ նացիստական Գերմանիայի պարտության 80-ամյակի առթիվ: Իր կայքէջում էլ հայտարարել էր նացիստական խորհրդանիշներով շապիկների վաճառքի մասին։
Ուեսթը նախկինում իր հակասեմական արտահայտությունները կապել էր բիպոլյար խանգարումների հետ։ Սակայն Մեծ Բրիտանիայի կառավարությունից բրիտանական հեռարձակողներին պատասխանել են, որ Ուեսթի՝ բիպոլար խանգարումը «իր գործողություններն արդարացնելու համար» օգտագործելը «սարսափելի» է։
Ավելի վաղ լրատվամիջոցները կառավարությանը հարցում էին ուղարկել՝ չի՞ պատրաստվում պետությունն ընդդիմանալ Ուեսթի ելույթին, ինչին վարչապետ Քիր Սթարմերի խոսնակը պատասխանել էր, որ «բոլոր տարբերակներն ուսումնասիրվում են»:
Ռեփերը երեկ էր դիմում ներկայացրել էլեկտրոնային ճանապարհորդության թույլտվության համար, սակայն Ներքին գործերի նախարարությունը նրան մերժել է։
Community Security Trust բարեգործական կազմակերպությունը, որի հիմնական նպատակն է Միացյալ Թագավորությունում հրեական համայնքին պաշտպանել հակասեմականությունից, ահաբեկչությունից և հարակից սպառնալիքներից, ողջունել է այս որոշումը՝ այն անվանելով «խելամիտ» և ընդգծելով, որ հակահրեական ատելությունը չպետք է տեղ ունենա հասարակության մեջ։
«Հակահրեական ատելությունը չպետք է որևէ տեղ ունենա հասարակության մեջ, և մշակութային առաջնորդները կարևոր դեր ունեն այս գործում», - ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ։
«Ամեն նրանց, ում վնասել եմ»
Մեծ Բրիտանիայում իր անվան շուրջ քննադատության ֆոնին ռեփեր Ուեսթն առաջարկել է հանդիպել Մեծ Բրիտանիայի հրեական համայնքի անդամների հետ։
48-ամյա հիփ-հոփ աստղի առաջարկը հրապարակվել է այն ժամանակ, երբ խոշոր ընկերություններ Pepsi-ն և Diageo-ն հայտարարել էին, որ հրաժարվում են հովանավորել Լոնդոնում կայանալիք փառատոնը, որտեղ Ուեսթը պետք է հանդես գար գլխավոր ելույթով: Ուեսթի ելույթները նախատեսված էին հուլիսին Լոնդոնի Finsbury Park-ում երեք օր անընդմեջ։
«Ամեն նրանց, ում վնասել եմ» վերնագրով ուղերձում, որ հրապարկվել է Wall Street Journal-ում, ռեփերը խոստովանում է, որ գիտակցում է՝ պետք է փոխհատուցում կատարի:
«Ես հետևում էի Wireless փառատոնի շուրջ քննարկումներին և ուզում եմ պարզապես ասել, որ իմ միակ նպատակը Լոնդոն գալն է և ներկայացնել փոփոխության շոու՝ միասնականություն, խաղաղություն և սեր բերելով իմ երաժշտությամբ։ Ես երախտապարտ կլինեմ, եթե հնարավորություն տրվեր անձամբ հանդիպել Մեծ Բրիտանիայի հրեական համայնքի անդամների հետ և լսել նրանց անձամբ։ Գիտեմ, որ խոսքերը բավարար չեն, պետք է փոփոխությունը երևա իմ գործողություններում։ Եթե պատրաստ եք, ես այստեղ եմ», - հայտարարել է ամերիկացի հայտնի ռեփերը։
Բրիտանական հրեական համայնքի «Board of Deputies»-ի նախագահ Ֆիլ Ռոզենբերգը պատասխանել է, որ պատրաստ են հանդիպել Ուեսթի հետ, եթե նա հրաժարվի Wireless փառատոնից։
«Հրեական համայնքը կցանկանար տեսնել իսկական փափագ և փոփոխություն, նախքան հավատալը, որ իրական զղջումը պետք է տեղի ունենա Wireless փառատոնի բեմում», - հայտարարել է բրիտանական հրեական համայնքի ղեկավարը։
Ամերիկացի հայտնի ռեփերի եվրոպական շրջագայությունը խափանման եզրին է։ Ֆրանսիայում Մարսելի քաղաքապետն է այսօր հայտարարել է, որ Ուեսթի հունիսին նախատեսված համերգը «չի ողջունվում»։
Wireless երաժշտական փառատոնը չեղարկվեց
Ու այս սկանդալից րոպեներ անց Լոնդոնի Wireless երաժշտական փառատոնը չեղարկվեց։ Փառատոնի կազմակերպիչ Festival Republic-ը հայտարարել է, որ պատճառը ռեփերի մուտքի արգելքն է Մեծ Բրիտանիա։
Կազմակերպիչների հայտարարության մեջ նշվում է, որ մինչ Ուեսթին հրավիրելը խորհրդակցություններ են անցկացվել տարբեր կողմերի հետ, և այդ պահին մտահոգություններ չեն բարձրացվել։ Սակայն նրանք նաև ընդգծել են, որ հակասեմականությունն «անթույլատրելի է իր բոլոր ձևերով» և գիտակցում են դրա ազդեցությունը մարդկանց վրա։
Wireless փառատոնի տոմսերի նախավաճառաքն այսօր կեսօրին էր մեկնարկել և ըստ հաղորդումների՝ բոլոր տոմսերը վաճառվել էին, իսկ ընդհանուր վաճառքը պետք է սկսվեր վաղը։ Սակայն կազմակերպիչներն այսօր ադեն հայտարարել են, որ գնված տոմսերի գումարը կվերադարձվի։