Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի կողմից Ադրբեջանին ուղղված երախտագիտության խոսքերին ի պատասխան ասել է. «Մեր բարեկամ և եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ աջակցել են միմյանց, և մենք կշարունակենք միմյանց կողքին լինել թե՛ ուրախ, թե՛ դժվարին ժամանակներում»,- ադրբեջանական APA-ի փոխանցմամբ այս մասին սոցցանցերում գրել է Ալիևը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, շնորհակալություն հայտնել պետության ղեկավարին Ադրբեջանի կողմից Իրանին տրամադրված մարդասիրական օգնության համար։
Փեզեշքիանը նախօրեին X-ում արված գրառմամբ խոսելով Ալիևի հետ հեռախոսազրույցից, նշել է. «Ես գնահատում եմ Ադրբեջանի կառավարության և ժողովրդի համակրանքն ու աջակցությունը։ Բարեկամական և եղբայրական ժողովուրդները դժվարին ժամանակներում գտնում են միմյանց, և որքան խորն են քաղաքակրթական արմատները, այնքան ավելի ամուր է այդ կապը»։