Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել են Սահմանադրության ընդունման, փոփոխության և հանրաքվեի վերաբերյալ կարգավորումները, ինչպես նաև Գործադիր իշխանությանը վերաբերող կարգավորումները:
Խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ներկայացրել է իր կողմից հեղինակած՝ համացանցի հասանելիության իրավունքին վերաբերող կարգավորումները։ Նա ընդգծել է, դրա կարևորությունը ժամանակակից ժողովրդավարական հասարակությունում և մարդու հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ավելի վաղ հայտարարել է, որ նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, այն նախատեսվում է քննարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում
Բաքուն հրաժարվում է ստորագրել հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ Մայր օրենքի նախաբանից չի հեռացվել հղումն Անկախության հռչակագրին, որտեղ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա: Սա Բաքվի գնահատմամբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է:
Անձամբ Նիկոլ Փաշինյանն է հռչակագիրը կոնֆլիկտածին որակել, կարծիք հայտնել, որ նոր Սահմանադրության նախագծում հռչակագիրը չպետք է հիշատակվի, բայց տեքստը մշակող Արդարադատության նախարարությունը, այնուհանդերձ, պահում է գլխավոր ինտրիգը՝ հանելո՞ւ, թե՞ պահելու են հղումը:
Հայաստանի Սահմանադրական դատարանը վճռել էր, որ Անկախության հռչակագիրը իրավական նշանակություն չունի և այլ երկրների նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում: