Մատչելիության հղումներ

Հովվի խնդիր Շիրակի գյուղերում. բնակիչները կրճատում են անասնագլխաքանակը

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ջրառատցի Ստեփան Համբարյանը վերջին տարիներին ստիպված է եղել անասնագլխաքանակը կրճատել, քանի որ պահելը լուրջ խնդիր է դարձել: Նա ժամանակին 22 գլուխ անասուն էր պահում, հիմա 6 են մնացել ու նոր ծնված մի քանի հորթուկները:

«Շատ եմ ունեցել կրճատել եմ չոբանի խաթեր, որ ամեն օր ես դաշտ չերթամ, համ էլ կաթի գինը ընկավ էլ պահելու իմաստ չկար», - ասաց նա:

Հովվի խնդիր Շիրակի մարզի գրեթե բոլոր գյուղերում կա:

«Կեսը գնացել պարեկ են եղել, կեսը պոստավիկ են դառե, կեսը՝ արտագնա աշխատանքների», - ասաց բնակիչներից մեկը:

Ջրառատում հովիվը մեկ անասունին կես տարի դաշտում արածացնելու համար վերջին տարիներին մինչև 11 հազար դրամ գումար է վերցրել: Գյուղում այս պահին 530 գլուխ եղջերավոր անասուն կա: Այսինքն միայն խոշոր եղջերավորներին դաշտ տանելու համար հովվին 6 ամսում ընդհանուր մոտ 5.5 մլն դրամ են վճարել: Բայց գյուղացիներն ասում են, որ շատերն այլ աշխատանք են նախընտրում անել: Հիմա գյուղերում գրաֆիկ են կազմել, թե գյուղացիներից ով որ օրն է կենդանիներին դաշտ տանելու:

Ջրառատցիները հիմնականում արտագնա աշխատանքով են տուն պահել, բայց վերջին տարիներին խոպան գնալն էլ է դժվարացել ու միայն հող մշակելով ու անասուն պահելով դժվարացել է տուն պահելու գործը: Բողոքում են՝ կաթի ու մսի գինը ցածր է, խոտը՝ թանկ: Կարծում են՝ եթե իրենց չօգնեն, որոշ ժամանակ անց շատ քչերը անասուն կպահեն:

Ջրառատցիներից մեկն արդեն իր անասուններին մորթել է:

Սարգիս Համբարյանն էլ է կրճատել անասնագլխաքանակը, 8-ի փոխարեն 4-ն են մնացել: Խոտը թանկ է, իսկ իրենց դաշտերինն էլ քիչ է. «Եթե հաշվես մի անասունը 100-120 տուկ ուտում է, էդ իրա կաթը, որ ծախես, իրա կերի փողը եղավ, վերջ, մեզի օգուտ չի մնա: Մեզ համար՝ յուղի, պանիրի համար պահում ենք, որ գոնե մաքուր պրոդուկտ ուտենք»:

Անասնապահության զարգացման համար կառավարությունը մի քանի ծրագիր է իրականացնում: Արդեն մի քանի տարի է՝ սուբսիդավում է խելացի անասնագոմերի կառուցումը, բայց վարչապետը պարբերաբար դժգոհել է, որ ծրագիրը բավարար հաջողությամբ չի գործում:

Նաև տոհմային ցեղատեսակներ են ներմուծում, որ ավելի շատ կաթանատու ու մսատու եղջերավորներով համալրեն անասնագլխաքանակը: Բայց գոնե Շիրակի մարզում նույնիսկ պաշտոնական թվերն են այլ բան ասում: Այստեղ, ըստ կենդանիների համատարած հաշվառման տվյալների, 2025 թվականին 24-ի համեմատ խոշոր եղջերավոր անուսունների գլխաքանակը շուրջ 2000-ով նվազել է:





XS
SM
MD
LG