Տասից ավելի քաղաքացիական հասարակության կազմակերպություններ դատապարտել են Վլադիմիր Վարդանյանի առաջադրումը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում՝ հայտարարելով, որ այդ որոշումը վտանգում է դատարանի անկախության և անաչառության նկատմամբ հանրային վստահությունը։
Յոթ տարի իշխող «Քաղաքացիական պայմանագրին» անդամակցած և ընդամենը մի քանի օր առաջ կուսակցությունից դուրս եկած Վլադիմիր Վարդանյանն այսօր արդեն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր:
Հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիները կասկածի տակ են դնում Վարդանյանի պաշտոնավարման անկախությունն ու անաչառությունը։
«Թեև Վլադիմիր Վարդանյանը վայր է դրել մանդատն ու դադարեցրել իր անդամակցությունը խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժին, այնուամենայնիվ նրա՝ ավելի քան յոթ տարի քաղաքական գործունեությամբ զբաղվելու և կուսակցական լինելու հանգամանքը, առերևույթ կասկած է հարուցում նրա, որպես Սահմանադրական դատարանի դատավոր, անաչառ պաշտոնավարման հնարավորության վերաբերյալ։ Ավելին՝ անաչառ դիտորդի տեսանկյունից նման քաղաքական փոխկապակցվածության հանգամանքն ինքնին բացառում է նշված ռիսկերի կառավարման հնարավորությունը», - նշված է հայտարարությունում:
ՔՀԿ-ները հիշեցրել են, որ նախկինում նմանատիպ իրավիճակ առաջացել էր նաև Հրայր Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր, այնուհետև նախագահ ընտրվելու գործընթացում։ Հայտարարության համաձայն՝ այն ժամանակ ևս «նույն քաղաքական անթաքույց փոխկապակցվածության հանգամանքը» դարձել էր քննադատության հիմք, և այդ նշանակումը Նիկոլ Փաշինյանը որակել էր որպես Սերժ Սարգսյանի կողմից «գործուղում» Սահմանադրական դատարան։