Մատչելիության հղումներ

Թրամփը Թեհրանին 48 ժամ է տվել Հորմուզը բացելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին 48 ժամ է տվել Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու համար, հակառակ դեպքում Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները կոչնչացվեն:

«Եթե Իրանն այս պահից սկսած 48 ժամվա ընթացքում ամբողջովին չբացի Հորմուզի նեղուցն առանց սպառնալիքի, Ամերիկայի Միացյալ Նահանգները կհարվածի և կոչնչացնի նրանց տարբեր էլեկտրակայանները՝ սկսելով ամենամեծից»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Վերջնաժամկետի սպառնալիքը հնչել է մարտի 21-ին, Վաշինգտոնի ժամանակով ժամը 19:44-ին և տեղադրվել է նախագահի Truth Social հարթակում։

ԱՄՆ նախագահը չի նշել, թե որ էլեկտրակայաններն են լինելու Միացյալ Նահանգների թիրախում։

Իրանի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը սահմանափակումներ է սահմանել միայն Իրանի դեմ հարձակումներին մասնակցող երկրների նավերի համար և կօգնի այն երկրներին, որոնք կխուսափեն հակամարտությունից։

Ըստ Fars լրատվական գործակալության, ի պատասխան Թրամփի սպառնալիքի՝ Իրանի բանակը հայտարարել է, որ թիրախավորելու է էներգետիկ ենթակառուցվածքները, որոնք «պատկանում են ԱՄՆ-ին և տարածաշրջանի ռեժիմին»:

Թրամփի հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Իսրայելի հարավում երկու իրանական հրթիռների հարվածի հետևանքով վիրավորվեց ավելի քան 100 մարդ։ Սա պատերազմը սկսվելուց ի վեր ամենաավերիչ հարձակումն էր: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոստացել է հակահարված տալ «բոլոր ճակատներում»։

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ավելի վաղ հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա՝ որպես ճնշման գործիք։

XS
SM
MD
LG