Կան այլընտրանքներ՝ շրջանցելու Հունգարիայի վետոն Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի հարցում, սակայն դրա համար անհրաժեշտ կլինի եվրոպական առաջնորդների քաղաքական կամքը, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը:
«Կան այլընտրանքներ, բայց տեսնենք՝ ինչպես կընթանա սա։ Դա նաև կպահանջի քաղաքական կամք բոլորիս կողմից», - ասաց Կալլասը լրագրողներին Բրյուսելում կայանալիք Եվրոպական խորհրդի գագաթնաժողովից առաջ։
Կալլասը նշեց, որ Խորվաթիայից նավթի մատակարարումները կարող են լուծում լինել Հունգարիայի համար, և հավելել, որ Հունգարիան իր դիմադրությամբ չի գործում «բարի մտադրությամբ»՝ արդեն համաձայնեցված վարկի հարցում։
Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիևում հայտարարել էր, որ Եվրոպական միությունն անպայման Ուկրաինային կհատկացնի 90 միլիարդ եվրո վարկը։
Հունգարիան արգելափակել էր Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկը: Հունգարիայի վարչապետը մեղադրել էր Ուկրաինային՝ պնդելով, թե Կիևը Հունգարիայի էներգետիկ համակարգը խափանելու ծրագրեր ունի և հրահանգել էր զորք և տեխնիկա տեղակայել՝ կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու համար։