Իրանի միջուկային ծրագրի ապագան կսահմանի Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին: Այդ մասին այսօր «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Այս պահին ես այն դիրքում չեմ, որպեսզի գնահատեմ, թե ինչպիսին կլինի նոր առաջնորդի դիրքորոշումը այս հարցում՝ իրավական կամ քաղաքական տեսանկյունից։ Ինչպես հասկանում եմ, այն չպետք է էապես տարբերվի մեր նախկին գծից, սակայն պետք է սպասենք, մինչև նրա տեսակետները հստակ դառնան», - ասել է Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, ընդգծելով՝ Իրանի միջուկային ծրագիրը «միշտ ունեցել է խաղաղ բնույթ»։
«Մենք միշտ ձգտել ենք և շարունակում ենք ձգտել իրականացնել մեր օրինական իրավունքը՝ օգտագործելու ատոմային էներգիան խաղաղ նպատակներով», - ասել է Արաղչին։
Նախքան Իրանի դեմ ԱՄՆ և Իսրայելի պատերազմը բանակցություներն ընթանում էին հենց այս թեմայով։ ԱՄՆ-ը ցանկանում էր կանխել, որպեսզի Թեհրանը միջուկային զենք մշակի։ Իրանը հերքում էր նման մտադրությունը և վստահեցնում, որ պատրաստ է սահմանափակել իր միջուկային ծրագիրը ԱՄՆ խիստ տնտեսական պատժամիջոցների թուլացման դիմաց։