Իրանից շարունակվում են մարդկանց հոսքը դեպի Հայաստան։ Մոտ 20-30 րոպեն մեկ մարդիկ հատում են հայ-իրանական անցակետը:
Թեհրանից Հայաստան եկած ընտանիքի անդամները «Ազատության» հետ զրույցում պատմեցին՝ երկու օր ճանապարհին են եղել, մինչ կարողացել են տեղ հասնել։ Նրանք նշեցին, որ «իրավիճակից ելքը տեսնում են ռեժիմի փոփոխությամբ»:
Մեկ այլ իրանցի էլ, որ այլ քաղաքից էր, ասաց՝ «ի վերջո Իրանի ղեկավարության հռետորաբանությունը պետք է փոխվի, ավելի կառուցողական պետք է լինեն»:
Հայաստան անցնող մարդկանց այն մասը, որոնք պատրաստակամ են ու ցանկանում են տեսախցիկների առջև խոսել, հիմնականում շատ ավելի ազատ են և քննադատում են իշխանություններին, սակայն քիչ չեն նաև այն մարդիկ, որոնք կտրականապես հրաժարվում են երևալ տեսախցիկների առջև։
«Պատերազմական վիճակ է, հենց մեր տան կողքն են հարվածել, և մեր տունն այժմ քանդված է։ Ես Թեհրանից դուրս եմ եկել մոտ երկու օր առաջ՝ շարժվելով դեպի Թավրիզ և Նորդուզի սահման և եկել եմ այստեղ։ Թեհրանում հարվածել են նավթի պահեստին և մի շարք նավթավերամշակման գործարանների և այնպիսի հրդեհ է բռնկվել, որ ընդհանրապես չի մարվում։ Արդեն 24 ժամ է, ինչ հարվածել են նավթի պահեստին և հրդեհը ոչ մի կերպ չի հանգչում։ Ես եկել եմ տուրիստական նպատակով, բայց կցանկանայի նաև սովորել այս երկրում, քանի որ մեր երկրում ուսման, աշխատանքի և կյանքի պայմանները բավարար չեն։ Շատ ընկերներ ու ծանոթներ ունեմ Թեհրանում, բարեկամներս էլ այնտեղ են։ Երբ խոսեցինք, ասացին, որ հրդեհների ուժգնությունը շատ մեծ է, Թեհրանն անընդհատ ռմբակոծվում է և իրավիճակը շատ վատ է», - «Ազատության» հետ զրույցում պատմեց իրանցիներից մեկը:
Նա նշեց. «Իմ կարծիքով՝ Իրանի ռեժիմը կփոխվի։ Մենք հետ կվերցնենք իրանը և երկիրը շատ լավը կդառնա»:
«Ազատության» հետ զրույցում որոշ իրանցիներ նշեցին, որ մի քանի շաբաթ կմնան Հայաստանում, հետո կա՛մ կվերադառնան, կա՛մ կշարունակեն Հայաստանում մնալ։ Կան նաև մարդիկ, որոնք Հայաստանը տարանցիկ գոտի են համարում և այլ երկրներ պետք է գնան:
Օրվա մեջ պարբերաբար մի քանի անգամ պարեկային ծառայողները գնում-գալիս են, նաև երբեմն Միավորված ազգերի կազմակերպության հումանիտար կառույցների ավտոմեքենան է նկատելի այս հատվածը, այլ որևէ ներկայություն չկա: