Մատչելիության հղումներ

ՔՊ-ն փոխեց քվեարկությունը՝ խուսափելով Վանաձորի գործող ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացից

Լրացված

Վանաձորի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այսօր ավագանու նիստի ընթացքում փոխեց իր դիրքորոշումը՝ փաստացի կանխելով համայնքի գործող ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացը:

Խմբակցությունը սկզբում ամբողջ կազմով ձեռնպահ քվեարկեց նախորդ տարվա բյուջեի տարեկան կատարողականի հաշվետվությանը: Նրանք հայտարարեցին, որ ծախսերի հաշվետվության մեջ բավականին շատ խնդրահարույց հարցեր են տեսել. չնայած նախատեսվել, բայց այդպես էլ չկատարված են մնացել բազմաթիվ ծրագրեր՝ փոսալցումից մինչև թափառող շների ստերջացում, ասաց «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Լուսինե Թադևոսյանը: Նշեց, թե այդ չկատարված ծախսերն ու քաղաքապետարանին ուղղված իրենց անպատասխան հարցերը հավելյալ ուսումնասիրության կարիք ունեն:

«Ծրագրերի կատարողականները, երբ դիտարկում ենք, բավականին շատ շինաշխատանքներ կան, որոնք կա՛մ չեղարկվել են, կա՛մ տեղափոխվել են հաջորդ տարի, ինչը մանրամասն ուսումնասիրման կարիք ունի», - նշեց Թադևոսյանը:

2025-ի տարեկան բյուջեի հաշվետվությունը չընդունվեց: Քվեարկությունից անմիջապես հետո պարզվեց, որ սա ընկալվում է, որպես աշխատակազմի և գործող ղեկավար Արկադի Փելեշյանի նկատմամբ անվստահություն և կարող է հանգեցնել դեռ չորս տարի առաջ վարչապետի նշանակած համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նկատմամբ անվստահության գործընթացի:

Ընդմիջում հայտարարվեց, ՔՊ-ն առանձնացավ՝ քննարկման: ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Հարությունյանն «Ազատությանն» ասաց, որ անվստահության խնդիր չեն դրել ու նման առաջարկ նիստից առաջ չի քննարկվել:

30 րոպե, ապա ևս 10 րոպե ընդմիջումից հետո ՔՊ-ն խնդրեց հարցը կրկին դնել քվեարկության: Արդյունքում՝ ՔՊ-ի նախկինում ձեռնպահ քվեարկած 9 անդամներից 5-ը փոխեց դիրքորոշումն ու կողմ քվեարկեց նախորդ տարվա բյուջեի կատարողականի հաշվետվությանը: Այս դեպքում արդեն անվստահություն հայտնելու հնարավորությունը վերացավ:

Փաստացի ավագանին կրկնակի քվեարկությունից առաջ չչեղարկեց իր նախկին որոշումը: Սա նշանակում է, որ այսօր Վանաձորի ավագանին նույն հարցի վերաբերյալ երկու որոշում է ընդունել:

Ի՞նչ կհաջորդի սրան ու որոշումներից որը վերջնական կհամարվի: Ըստ տեղական ինքնակառավարման հարցերով փորձագետ Գևորգ Քոթանջյանի՝ վերջին խոսքն այստեղ կառավարությանն է, որտեղ պետք է վերջնական եզրակացություն կազմեն:

Վանաձորի ավագանին ուղիղ մեկ տարի չէր կարողանում արտահերթ նիստեր գումարել քվորումի բացակայության պատճառով:

Օրերս «Ապրելու երկիր» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանը, որ արդեն երկու տարի բոյկոտում էր ավագանու արտահերթ նիստերն ու պնդում, որ ոչ մի դեպքում նիստի չի գնա, անցած շաբաթ անսպասելի հայտարարեց, թե որոշել է ներկայանալ առաջիկա նիստին, «որպեսզի վանաձորցիների անձնական հարցերը լուծվեն»:

Ընդամենը ուրբաթ երեկոյան հրապարակված օրակարգից պարզ դարձավ, որ 1200 տարածքների սեփականաշնորհման, վարձակալության և ապօրինի շինությունների օրինականացման հարցեր են ներառված այսօրվա նիստի օրակարգում: Նիստում, մինչդեռ, ավելի քան 1000 տարածքներին վերաբերող հարցերին արդեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ամբողջ կազմով դեմ քվեարկեց: Կողմ էին «Ապրելու երկրի» երկու անդամներն ու համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն իր 4 կուսակիցների հետ:



XS
SM
MD
LG