Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի երկաթուղիների կառավարումը այլ երկրի փոխանցելուն:
ԱԺ նախագահը նշել է, որ հիմա քննարկումներ են ռուսական կողմի հետ. «Ակնկալում ենք հնարավորինս արագ արձագանքը, միևնույն ժամանակ դա մեզ համար կենսական նշանակություն ունեցող պրոյեկտ է, որի հետ կապված մենք այլընտրանք չունենք չքննարկելու»:
«Մենք ակնկալում ենք, որ կան երկրներ, որոնք պատրաստ են գնել: Վստահ եմ, որ կան երկրներ, որոնք կուզենան և որոնք հետաքրքրվել են», - ասաց Սիմոնյանը՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ որ երկրների մասին է խոսքը:
«Ազատության» հարցին՝ «կարո՞ղ ենք ֆիքսել, որ պետք է կառավարումը վերցվի Ռուսաստանից, արդեն քաղաքական որոշում է», ԱԺ նախագահը պատասխանեց. «Ոչ, որովհետև բանակցությունները շարունակվում են, եթե կա կայացված որոշում, նշանակում է բանակցելն անիմաստ է»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարին խոսեց երկաթուղու կառավարման իրավունքն այլ երկրի կողմից ձեռք բերելու հնարավորությունից։ Փաշինյանը շեշտել էր՝ կառավարումը կարող է ձեռք բերել Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր՝ տալով Ղազախստանի ու Արաբական Միացյալ Էմիրությունների անունները:
Մոսկվայից զգուշացնում են, թե Հայաստանի երկաթուղիների կառավարումը Ռուսաստանի Դաշնությունից այլ երկրի հանձնելու պարագայում համակարգը կարող է «մեկ գիշերում փլուզվել»։ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն կասկած է հայտնել, թե որևէ այլ երկիր կարող է փոխարինել Ռուսաստանին։
Հայաստանում գործող «Հարավկովկասյան երկաթուղին» 30 տարի ժամկետով՝ 2008-ից ռուսական երկաթուղին է կառավարում՝ հավատարմագրային սկզբունքով։ Կառավարումը ևս 10 տարով երկարաձգելու հնարավորություն կա։