Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռների մասին։
Այս հաղորդագրությունը հրապարակվել է Թրամփի 19 րոպեանոց ելույթից ընդամենը 15 րոպե անց, որի ընթացքում նա հայտարարել էր, որ Իրանի դեմ պատերազմում ռազմավարական գրեթե բոլոր նպատակներին հաջողվել է հասնել, և Թեհրանի ռազմական կարողությունները ոչնչացվել են։
Նավթի գները աճել են, իսկ շուկաները անկում են ապրել այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը Սպիտակ տնից հեռուստաուղերձում հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ուժեղ» հարվածներ կհասցնի Իրանին։
Իր ելույթում Թրամփը դաշնակիցներին կոչ է արել «քաջություն հավաքել»՝ ապահովելու նավագնացությունը Հորմուզի նեղուցում՝ պնդելով, որ ԱՄՆ-ն դրա կարիքը չունի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի երեկոյան ազգին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ Նահանգները կշարունակի հարվածներ հասցնել Իսլամական Հանրապետության թիրախներին առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում:
Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ն «շատ արագ» կավարտի այդ աշխատանքը՝ հավելելով՝ ամերիկացի զինվորականները հասել են Իրանում իրենց գրեթե բոլոր նպատակներին:
«Առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում մենք պատրաստվում ենք չափազանց ուժեղ հարված հասցնել նրանց: Մենք պատրաստվում ենք նրանց վերադարձնել քարե դար, որտեղ նրանց տեղն է», - ասել է Թրամփը:
Թրամփի «անհեթեթ հայտարարությունները չեն ստիպի մեզ» բացել Հորմուզի նեղուցը «թշնամի» երկրների համար, այսօր հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի վերջին հայտարարությունները։
«Հորմուզի նեղուցին վերաբերող որոշումները կայացնելու են բացառապես Իրանն ու Օմանը»,-իր հերթին, հայտարարել է Իսլամական հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում գործող Press TV անգլալեզու ալիքի հետ զրույցում։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Թեհրանը ռազմական գործողությունները դադարեցնելու խնդրանքով դիմել է Միացյալ Նահանգներին։
«Իրանի վարչակազմի նոր ղեկավարը հենց նոր մեզանից հրադադար է խնդրել», - Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը:
«Մենք [Իրանի խնդրանքը] կքննարկենք այն ժամանակ, երբ Հորմուզի նեղուցն ապաշրջափակված, անխոչընդոտ և բաց կլինի։ Մինչ այդ շարունակելու ենք ոչնչացնել Իրանը», - գրել է Թրամփը։
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լրջորեն քննարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը. Telegraph
Սա այն բանից հետո, երբ դաշնակիցները չեն աջակցել Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողություններին, հաղորդում է բրիտանական Daily Telegraph-ը:
Թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահն ասել է, որ երկար ժամանակ կասկածներ է ունեցել ՆԱՏՕ-ի հեղինակության վերաբերյալ։
«Այո՛, ես կասեի՝ [դա] վերանայման ենթակա չէ», - թերթին ասել է ԱՄՆ նախագահը, երբ նրան հարցրել են, թե արդյոք հակամարտությունից հետո նա կվերանայի՞ ԱՄՆ-ի անդամակցությունը դաշինքին:
Հարվածները շարունակվում են
Չնայած Վաշինգտոնը հայտարարում է պատերազմի մոտալուտ ավարտի մասին, ամերիկա-իսրայելական ուժերը շարունակել են հարվածներն «Իրանի խորքում գտնվող ստորգետնյա ռազմական թիրախներին»։ Իսրայելը պնդել է, որ հարձակվել է քիմիական զենքի արտադրության մեջ ներգրավված գործարանի վրա։ Իրանը պնդում է, որ այն դեղորայք էր արտադրում։
Իրանական ISNA գործակալության փոխանցմամբ՝ առնվազն 10 բուժաշխատող է սպանվել:
Իրանն իր հերթին հարվածել է Իսրայելին, 25-ից ավելի վիրավոր կա: Նաև շարունակել են հարվածները Պարսից ծոցի երկրներին: Կատարի ափերին մոտ լցանավ է խոցվել, տուժածներ չկան: Քուվեյթը հայտարարել է, որ իրանական հարձակման հետևանքով «մեծ հրդեհ» է առաջացրել իր օդանավակայանի վառելիքի պահեստում:
Իրանի աջակցությունը վայելող հութիները, որոնք վերջին օրերին են ակտիվացել, հայտարարել են, որ հրթիռներով հարվածել են Իսրայելի հարավին և խոստացել հետագայում ավելի սաստկացնել հարվածները:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի պատերազմից հետո ԱՄՆ-ն ստիպված կլինի վերանայել ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունները, քանզի դաշնակիցներն ԱՄՆ-ին չեն աջակցում Իրանի դեմ պատերազմում.
«Կարծում եմ՝ անկասկած, ցավոք, այս հակամարտության ավարտից հետո մենք ստիպված կլինենք վերանայել այդ հարաբերությունները: Մենք ստիպված կլինենք վերանայել ՆԱՏՕ-ի և այս դաշինքի արժեքը մեր երկրի համար։ Վերջին հաշվով, դա նախագահը պետք է որոշի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Փեզեշքիանը հայտնել է՝ Իրանը «անհրաժեշտ կամք» ունի պատերազմն ավարտելու համար
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իր երկիրը «անհրաժեշտ կամք» ունի ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմն ավարտելու համար՝ կախված պայմաններից։ Այս հայտարարությունը կարող է ազդակ լինել, որ երկրները կարող են հակամարտության կարգավորման ուղղությամբ շարժվել:
«Մենք անհրաժեշտ կամք ունենք այս հակամարտությունը դադարեցնելու համար, եթե կարևոր պայմանները՝ հատկապես ագրեսիայի կրկնության բացառման երաշխիքներն ապահովվեն», - ասել է Փեզեշքիանը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ հեռախոսազրույցի ժամանակ, փոխանցել են վերջինիս աշխատակազմից։
Emirates ավիաընկերությունը հայտարարել է, որ Իրանի քաղաքացիներին արգելվում է մուտք գործել կամ տարանցիկ կերպով անցնել ԱՄԷ-ով
Դուբայում գործող Emirates ավիաընկերության կայքը չորեքշաբթի օրը հայտնել է, որ Իրանի քաղաքացիներին արգելվում է մուտք գործել կամ տարանցիկ կերպով անցնել Արաբական Միացյալ Էմիրություններով։
Մեկ այլ ավիափոխադրողի՝ Flydubai-ի կայքում ասվում է, որ ԱՄԷ «Ոսկե վիզա» ունեցող Իրանի քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել երկիր: