Օմանի ԱԳՆ-ն կիրակի հայտարարել է, որ դատապարտում է երկրի տարածքի վրա իրականացված հարձակումները՝ հավելելով, որ մինչ այժմ որևէ կողմ պատասխանատվություն չի ստանձնել։
Գերատեսչությունից հայտնել են, որ իշխանությունները հետաքննում են հարձակումների «աղբյուրներն ու շարժառիթները»՝ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու։
Օմանը շաբաթ հայտնել էր, որ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով աշխատակից է վիրավորվել Սալալայի նավահանգստում։ Ավելի ուշ դանիական կոնտեյներային փոխադրումների Maersk ընկերությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը հարձակումից հետո։
Իրանը համաձայնել է թույլատրել Պակիստանի դրոշի ներքո գտնվող ևս 20 նավերի անցումը Հորմուզի նեղուցով, հայտնել է Պակիստանի արտաքին գործերի նախարարը: Իսհաք Դարը հավելել է, որ երկու նավերի թույլատրվել է ամեն օր տարանցել:
Bangkok Post-ը, իր հերթին, հայտնել է, որ Թեհրանը նաև համաձայնել է թաիլանդական նավթային լցանավերը բաց թողնել նեղուցով:
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանուն զոհվել է երեք լրագրող: Իսրայելի բանակը «Հեզբոլա»-ին պատկանող «Ալ Մանար» հեռուստաալիքի լրագրողին մեղադրում է գրոհայինների խմբավորման գործակալ լինելու մեջ:
Պարսից ծոցի երկրների հիմնական ենթակառուցվածքները վտանգված են, իսկ Emirates Global Aluminium ընկերությունը հայտարարել է, որ Աբու Դաբիում իր խոշոր գործարանին զգալի վնաս է հասցվել:
Եմենի հութիները կրկին հարվածներ են հասցրել Իսրայելին: Իրանի կողմից աջակցվող խմբավորումը հայտարարել է, որ առաջիկա օրերին ավելի շատ հարձակումներ կլինեն
Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը դատապարտել է «Իրանի հաճախակի փորձերը՝ երկիրը ներքաշելու մերձավորարևելյան հակամարտության մեջ»:
Հայաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները և իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունները:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին անդրադարձել են հումանիտար բնույթի և տարբեր հարթակներում առկա հարցերի։
Քուվեյթի միջազգային օդանավակայանը անօդաչու թռչող սարքերի բազմաթիվ հարձակումների է ենթարկվել, որոնք զգալի վնաս են հասցրել նրա ռադարային համակարգին, հայտնել է երկրի քաղաքացիական ավիացիան:
Ավելի ուշ վարչակազմի ներկայացուցիչը հայտարարել է, որ հարձակումներն իրականացվել են «Իրանի, նրա դրածոների և զինված խմբավորումների կողմից», որոնց աջակցում է Թեհրանը:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունը, թե որ այն ոչնչացրել է Դուբայում գտնվող ուկրաինական հակաօդային պաշտպանության պահեստը:
Նախարարության մամուլի քարտուղար Գեորգի Տիխին ասել է. «Իրանական ռեժիմը հաճախ է նման ապատեղեկատվական արշավներ իրականացնում»։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆին ասել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման հարցում բանակցություններին և միջնորդությանը աջակցելու համար վստահություն է անհրաժեշտ:
Երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանում ռազմական գործողություններն ու հակամարտությունը դադարեցնելու ջանքերը: Շարիֆը Փեզեշքիանին տեղեկացրել է Միացյալ Նահանգների և Պարսից ծոցի երկրների հետ Պակիստանի դիվանագիտական շփումների մասին, ասվում է հաղորդագրության մեջ:
Իրանի նախագահը X-ում գրառման մեջ դիմել է տարածաշրջանի երկրներին՝ հայտարարելով, թե եթե ցանկանում են զարգացում և անվտանգություն, չպիտի թույլ տան, որ Թեհրանի հակառակորդները «պատերազմեն ձեր հողերի վրա»:
Իրանի Սպահան քաղաքում հրթիռակոծությունների հետևանքով ազգությամբ հայ քաղաքացի է զոհվել՝ Սիմոնյան ազգանունով, հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ հղում անելով Թեհրանից ստացված տեղեկությանը:
Նշվում է, որ Արամ Ա կաթողիկոսը կապի մեջ է պատերազմական իրավիճակում գտնվող երկրների թեմերի պատասխանատուների հետ:
Թեհրանի թեմից Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին տեղեկացրել են, որ վերջին օրերին Թեհրանն ու Սպահանը ենթարկվում են սաստիկ հրթիռակոծությունների: