Պարսից ծոցի մի քանի երկրներ հայտնում են նոր հարվածների մասին: ԱՄԷ-ն հայտարարել է, որ իր ՀՕՊ համակարգը որսացել է բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, որոնք արձակվել են Իրանից:
Իրավապաշտպանների գործակալությունը, որ տեղակայված է ԱՄՆ-ում, հայտնում է, որ Իրանում հակամարտության առաջին ամսվա ընթացքում սպանվել է 1464 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ առնվազն 217 երեխա:
Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ասել է, որ ԱՄՆ-ն հույս ունի այս շաբաթ հանդիպումներ անցկացնել Իրանի հետ, և Վաշինգտոնը սպասում է 15 կետանոց գործարքի պատասխանին, որը քննարկման փուլում է:
Սաուդյան Արաբիայում Արքայազն Սուլթան ավիաբազային Իրանի հարվածից առնվազն 12 ամերիկացի զինվոր է վիրավորվել, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ին ամերիկյան աջակցությունը՝ Իրանի հետ պատերազմում օգնության բացակայության պատճառով:
«ՆԱՏՕ-ն սարսափելի սխալ է թույլ տվել, երբ փոքր քանակությամբ ռազմական սպառազինություն չի ուղարկել, երբ նրանք նույնիսկ չեն ընդունել, թե ինչ ենք մենք անում ամբողջ աշխարհի համար, որ մենք դիմակայում ենք Իրանին»,- մարտի 27-ին Մայամիում ասել Է Թրամփը:
Սպիտան տան ղեկավարը հարցրել է, թե ինչո՞ւ պետք է ԱՄՆ-ն օգնի ռազմական դաշինքին, եթե դա փոխադարձ չէ:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հայտնաբերել է Եմենից արձակված հրթիռ այն բանից հետո, երբ Եմենի հութիների ներկայացուցիչն ասել է, որ նրանք պատերազմի մեջ կմտնեն, եթե Իրանի վրա հարձակումները շարունակվեն:
Մինչ Վաշինգտոնը խոսում է Թեհրանի հետ հնարավոր բանակցությունների նշանների մասին, Իսրայելի պաշտպանության նախարարն այսօր հայտարարեց Իրանում իսրայելական հարվածները ընդլայնելու ծրագրերի մասին։
«Բանակը կուժեղացնի իր հարվածները և թիրախավորելու է լրացուցիչ օբյեկտներ, որոնք կապված են Իրանի սպառազինության հետ»,- ասել է Իսրայել Կացը՝ հավելելով, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ինքը բազմիցս կոչ են արել Թեհրանին դադարեցնել իսրայելական խաղաղ բնակչության վրա հարձակումները, սակայն դրանք շարունակվում են։
Իրանական տվյալների համաձայն՝ փետրվարի 28-ին մեկնարկած պատերազմի հետևանքով զոհվել է ավելի քան 1,900 խաղաղ բնակիչ, իսկ տասնյակ հազարավոր մարդիկ վիրավորվել են։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհանն Վադեֆուլը Deutschlandfunk ռադիոյին այսօր տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև ուղղակի հանդիպման համար ընթանում են պատրաստություններ։
«Դա, ըստ երևույթին, տեղի կունենա բավականին շուտով՝ Պակիստանում», - ասել է Վադեֆուլը՝ ընգծելով, թե նախապես եղել են անուղղակի շփումներ, և բնութագրել դրանք որպես «հույսի և վստահության առաջին նշաններ»։
«Փաստորեն, նախնական դիրքորոշումներն արդեն փոխանակվել են գրավոր ձևով՝ երրորդ կողմերի միջոցով»,- հավելել է Վադեֆուլը՝ չասելով, սակայն, «ով է կազմակերպել այս ամենը», և ընդգծել է, որ նման հարցերը հրապարակայնորեն քննարկելը շատ արդյունավետ չէ։
Պատերազմի մեկնարկից ի վեր ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Իրանում վնասել են առնվազն 120 թանգարաններ, մշակութային և պատմական հուշարձաններ։
Այս մասին հայտել է Թեհրանի քաղաքային խորհրդի մշակութային ժառանգության հանձնաժողովի ղեկավարն՝ ընդգծելով, որ դրանք անմիջապես թիրախավորվել են, ինչի հետևանքով կառուցվածքային լուրջ վնասներ են կրել։
Պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ այդ շինություններից են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված Գոլեսթանի պալատը, Սաադաբադի պալատը, Մարմարե պալատը և Թեյմուրթաշի տունը, որը հայտնի է նաև որպես Պատերազմի թանգարան։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տարածաշրջանի ողջ քաղաքացիական բնակչությանը կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ուժերի տեղակայման վայրերին հարակից տարածքներից։
«Վախկոտ ամերիկա-սիոնիստական ուժերը փորձում են օգտագործել քաղաքացիական վայրերն ու անմեղ մարդկանց որպես կենդանի վահաններ։ Մենք խորհուրդ ենք տալիս անհապաղ լքել այն վայրերը, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժերը, որպեսզի ձեզ որևէ վնաս չպատճառվի», - ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Sepah News կայքում։