Մատչելիության հղումներ

եթերում Իրանը հայտարարել է՝ պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի ցամաքային հարձակմանը

Գլխավորը՝ համառոտ

14:10 6.3.2026

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հրահանգել է տարհանել ինչպես Թեհրանում գտնվող դեսպանատան, այնպես էլ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսության աշխատակազմին։

Այդ մասին երկրի գլխավոր դիվանագետը հայտարարել է Մոլդովայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Բայրամովն ընդգծել է, որ տեղի ունեցող գործընթացների ֆոնին չի կարելի մարդկանց կյանքը վտանգի տակ դնել։

13:47 6.3.2026

Կիպրոսում գտնվող բրիտանական ռազմաբազայում օդային տագնապի ազդանշաններ են հնչել: Նախօրեին եվրոպական մի շարք պետություններ հայտարարել էին, որ ռազմածովային և այլ միջոցներ կուղարկեն կղզու պաշտպանությունն ապահովելու համար։


13:31 6.3.2026

Դուբայի բնակիչները Միացյալ Արաբական Էմիրությունների ներքին գործերի նախարարությունից զգուշացնող հաղորդագրություններ են ստացել իրենց հեռախոսներին, որով կոչ է արվել պատսպարվել հնարավոր հրթիռային սպառնալիքից։ Այս մասին հաղորդում է AFP -ն՝ հրապարակելով իր թղթակիցների ստացած հաղորդագրությունը։

«Ներկայիս իրավիճակի և հնարավոր հրթիռային սպառնալիքների պատճառով անմիջապես պատսպարվեք մոտակա անվտանգ շենքում և հեռու մնացեք պատուհաններից, դռներից ու բաց տարածքներից», - ասված է զգուշացման մեջ։

13:30 6.3.2026

Մարտի 4-5-ը FlyDubai ավիաընկերության կողմից իրականացված երկու թռիչքներով ՀՀ քաղաքացու անձնագրով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ, հայտնում է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ այսօր նախատեսվում է ՀՀ քաղաքացու անձնագրով ճամփորդող ևս 45 անձի վերադարձ:

12:39 6.3.2026

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակը հայտարարել է, որ Իրանը լիովին պատրաստ է երկարատև պատերազմի: Գներալ Ալի Մոհամմադ Նաեինին նշել է, որ Իրանը շուտով առաջադեմ զինատեսակներ կկիրառի, որոնք առ այսօր չեն կիրառվել և «ցավոտ հարվածներ» կհասցնեն թշնամիներին:

12:38 6.3.2026

Իրանի Կարմիր մահիկի տվյալներով՝ ամերիկա-իսրայելական հարձակումների հետևանքով առ այսօր վնասվել է 3600-ից ավելի քաղաքացիական բնակավայր, այդ թվում՝ 3090 տուն, 528 առևտրային և սպասարկման կենտրոն, 14 բժշկական հաստատություն: Թիրախների մեծ մասը եղել են «խիտ բնակեցված բնակելի տարածքներում»։

UNICEF-ի տվյալներով պատերազմի հետևանքով առ այսօր մոտ 200 երեխա է սպանվել Մերձավոր Արևելքում, նրանցից 180-ը՝ Իրանում:

12:35 6.3.2026

Իսրայելի բանակը Իրանի դեմ պատերազմի 7-րդ օրը հարվածել է Իրանի տարբեր քաղաքների, այդ թվում՝ Թեհրանին, որտեղ թիրախավորել են պետական ենթառուցվածքները, նաև ռազմական ակադեմիա:

Թեհրանի բնակիչները BBC-ի Persian-ին պատմում են, որ «անցած գիշերը մինչ այժմ ամենավատ գիշերն էր», այն բանից հետո, երբ Իսրայելը նոր հարվածներ հասցրեց Իրանին հակամարտության յոթերորդ օրը։

11:27 6.3.2026

«Մենք հարձակվել ենք ամերիկյան բազաների վրա, որոնք, ցավոք, գտնվում են մեր հարևանների հողերում», - NBC News-ի հետ զրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։

Նա ընդգծել է ՝ Իրանը որոշում չի կայացրել պատերազմ սկսել իր հարևանների հետ. «Մենք չենք հարձակվել մեր հարևանների վրա։ Մենք չենք հարձակվել մուսուլմանական երկրների վրա: Մենք հարձակվել ենք ամերիկյան թիրախների և ամերիկյան բազաների, ամերիկյան օբյեկտների վրա, որոնք, ցավոք, գտնվում են մեր հարևանների հողերում»։

Արաղչին ասել է, որ խոսել է այդ երկրների արտաքին գործերի նախարարների հետ՝ բացատրելու, որ նրանք թիրախ չեն։

11:27 6.3.2026

Իսրայելը գիշերը ծանր ավիահարվածներ է հասցրել Բեյրությում «Հեզբոլա»-ի կողմից վերահսկվող հարավային արվարձաններին։

Իսրայելական բանակը հայտարարել է, որ գիշերը հարավային արվարձաններում 26 հարված է հասցրել՝ նշելով, որ թիրախների թվում են «Հեզբոլա»-ի հրամանատարական կենտրոնները և զենքի պահեստները։

11:14 6.3.2026

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը կապ է հաստատել Միացյալ Նահանգների հետ՝ համաձայնագիր կնքելու համար, հայտնում է Reuters-ը։

«Նրանք զանգահարում են, ասում են՝ «ինչպե՞ս կարող ենք համաձայնագիր կնքել»։ Ես ասացի, որ դուք մի փոքր ուշացել եք», - ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը «Ինտեր Մայամի» ֆուտբոլային թիմի հետ միջոցառման ժամանակ։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG