Հարվածները Նախիջևանին
Ֆրանսիան թույլատրել է Միացյալ Նահանգներին օգտագործել իր ռազմակայանները Իրանի դեմ գործողությունների շրջանակում, այսօր տեղեկացրել է ֆրանսիական BFMTV հեռուստաընկերությունը՝ սեփական աղբյուրները վկայակոչելով։
Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հեռուստաալիքի տարածած տեղեկությունները առայժմ չի մեկնաբանում։
Մերձավոր Արևելքում իրավիճակի պատճառով ֆինանսական շուկաները դեռ անկայուն են, Պարսից ծոցի երկրների օդային տարածքների փակ լինելու պատճառով բազմաթիվ մարդիկ դեռ արգելափակված են: Qatar Airways-ը հայտարարել է, որ արտակարգ թռիչքներ կկատարի դեպի Եվրոպա՝ մարդկանց տարհանելու համար:
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմը համաշխարհային տնտեսության կայունությունը փորձության է ենթարկում:
Իրանական կողմը օգնության որևէ խնդրանքով չի դիմել Ռուսաստանին՝ քաղաքական աջակցությանն ի հավելում, այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը, պատասխանելով ռուսական սպառազինության՝ Իրան հնարավոր մատակարարումների մասին հարցին, նշել է. «Այս հարցում մեր հետևողական դիրքորոշումը հայտնի է, և դրանում փոփոխություններ չկան»։
Բազմաթիվ բեռնատար և մարդատար նավեր են արգելափակվել Հորմուզի նեղուցում, որն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը փակել է արդեն մի քանի օր, իսկ այսօր հայտարարել, որ պատերազմի ընթացքում նեղուցով անցումն իր հսկողության տակ կլինի: Կորպուսը նաև հայտնել է, որ ամերիկյան տանկեր է խոցել:
Սպիտակ տան մամուլի քարտուղարն ասել է, որ ԱՄՆ-ն ակտիվ աշխատում է Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման և տանկերների անվտանգ անցումն ապահովելու համար: Քերոլայն Լևիթը, սակայն, ժամկետներ չի նշել:
Պայթյուններ են լսվել Բահրեյնում, Կատարի մայրաքաղաք Դոհայում, որտեղ տարհանվել է ԱՄՆ դեսպանատան հարակից տարածքի բնակչությունը:
Քուվեյթի ափերի մոտ Իրանը լցանավի է հարվածել, ինչից հետո նավթի արտահոսք է եղել: Օմանում էլ վառելիքի պահեստ է վնասվել հարձակումից:
Իսրայելը հայտնել է, որ Իրանը մի քանի հրթիռ է արձակել իր ուղղությամբ, զոհերի կամ վնասների մասին չի հաղորդվում: Երուսաղեմում պայթյուններ են լսվել:
Լիբանանում Իսրայելի բանակը հարվածել է Բեյրութում «Հեզբոլա»-ի հրամանատարական կենտրոններին, կան զոհեր և վիրավորներ: Ըստ լիբանանյան լրատվամիջոցների՝ սպանվել է նաև «Հեզբոլա»-ի հրամանատարներից մեկը: Զոհեր կան նաև Լիբանանի հարավում:
Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի առաջնորդ Նաիմ Քասեմը հայտարարել է, որ խմբավորումը «չի հանձնվի»։
Ըստ լիբանանցի պաշտոնյաների՝ Իսրայելի գործողությունների հետևանքով ավելի քան 80 հազար մարդ է տեղահանվել։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Իրանի դեմ պատերազմի միայն առաջին երկու օրերին մոտ 100 հազար մարդ է լքել Թեհրանը: