Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը չունի որևէ ցուցում, որ Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածները Իրանում վնասել կամ թիրախավորել են միջուկային օբյեկտներ, սակայն դեռևս չի կարողացել կապ հաստատել Իրանի միջուկային ոլորտի պատասխանատու մարմինների հետ։ Գործակալության կառավարիչների խորհրդին հայտնել է կազմակերպության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։
555 մարդ է զոհվել Իրանի տարբեր շրջաններում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ Լուրը հայտնում է Իրանի Կարմիր մահիկը՝ հավելելով, որ տուժել է նաև 131 քաղաք։
Մերձավոր Արևելքում ստեղծված անկայունության պատճառով դադարեցված են տարածաշրջանով անցնող բազմաթիվ չվերթներ:
Իսկ Հորմուզի նեղուցով մատակարարումների ընդհատման պատճառով նավթի գները բարձրացել են:
Brent տեսակի նավթը թանկացել է առնվազն 13 տոկոսով՝ հասնելով 82 դոլարի մեկ բարելի դիմաց:
Սաուդյան Արաբիայի պետական նավթային հսկա Aramco-ն անօդաչուի հարվածից հետո փակել է իր նավթավերամշակման գործարաններից մեկը:
Ենթադրաբար իրանական անօդաչուի հարվածից Կիպրոսում վնասվել է բրիտանական բազայի թռիչքուղին:
Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ առավոտյան ամերիկյան մի քանի ինքնաթիռ է կործանվել, անձնակազմին հաջողվել է անվնաս փրկվել:
Արբանյակային լուսանկարները, որոնք պատրաստվել են Planet Labs PBC ընկերության կողմից, ցույց են տալիս Թավրիզի հյուսիս-արևմուտքում իրանական հրթիռային բազային պատճառված վնասը: Ռազմակայանին հարված է հասցվել փետրվարի 28-ին:
Իրանն է որոշելու, թե ինչպես և երբ կավարտվի այս պատերազմը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:
«Մեր մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունները ոչ մի կերպ չեն ազդել պատերազմ վարելու մեր կարողության վրա», - հավելել է նա X-ում գրառման մեջ:
Իրաքի հյուսիսում գտնվող Քուրդիստանի շրջանի Էրբիլի օդանավակայանի վրա երեք զինված անօդաչու թռչող սարք է խոցվել, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության ծառայության աղբյուրներին:
Օդանավակայանում տեղակայված են ամերիկյան զորքեր։
AFP լրատվական գործակալության լրագրողն էլ սրանից ավելի վաղ հաղորդել էր, որ բազայից ոչ հեռու բարձր ձայներ են լսվել։
Հանգստյան օրերին ԱՄՆ-ն նաև անօդաչու թռչող սարքեր է որսացել օդանավակայանում:
Առնվազն 31 մարդ Է զոհվել, ևս 149-ը՝ վիրավորվել Լիբանանին Իսրայելի հարվածների առաջին ալիքի հետևանքով, հաղորդվում Է հանրապետության առողջապահության նախարարության X-ի էջում: