Իրանում մարդիկ Իսլամական Հանրապետության առաջնորդ Ալի Խամենեիի հնարավոր սպանության մասին տեղեկությունների տարածումից հետո փողոցներում ուրախության բացականչություններ և ծափահարություններ են հնչեցրել:
Տեսանյութը՝ «Ազատության» իրանական ծառայության:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հնարավոր մահվան մասին շրջանառվող լուրերը:
«Մենք հավատում ենք, որ դա իրական պատմություն է», - ասել է Թրամփը:
Նա հավելել է, որ Իրանի բարձրագույն ղեկավարության «մեծ մասը չեզոքացվել է»:
Ամերիկյան կողմը կադրեր է հրապարակել, թե ինչպես է հարվածներ հասցնում Իրանին:
Իսրայելի վարչապետը ուղերձով դիմել է իրանցիներին՝ ասելով, որ հարվածները կօգնեն նրանց «ազատվել բռնապետությունից»։
Խոսելով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ Թեհրանի կեցավայրի վրա հարձակումների մասին՝ Նեթանյահուն ասել է, որ ավելի ու ավելի շատ նշաններ են հայտնվում, որ «բռնապետը» «ողջ չէ»։
Բենյամին Նեթանյահուն այնուհետև իրանցիներին կոչ է արել դուրս գալ փողոց։ «Զանգվածաբար դուրս եկեք փողոց․․․ գործն ավարտին հասցրեք»,- ասել է նա՝ հավելելով, որ սա բացառիկ հնարավորություն է տապալելու իրանական ռեժիմը։ «Ժամանակն է, որ միավորվեք․․․ այս պատմական առաքելության համար»։
Իրանի վրա Իսրայելի հարձակումներից հետո ձեռնարկված միջոցառումների շրջանակում Իսրայելն անորոշ ժամանակով փակել է Գազայի հատված տանող անցակետերը, այդ թվում՝ Ռաֆահ անցակետը։
Պաղեստինյան տարածքներում կառավարության գործունեությունը համակարգող իսրայելական գործակալությունը նշում է, որ սահմանների փակումը «ոչ մի ազդեցություն չի ունենա» Գազայում տիրող մարդասիրական վիճակի վրա։
Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ սա մեկ տարում արդեն երկրորդ անգամն է, որ ամերիկացիները դավաճանում են դիվանագիտությանը։
Բաղային նշել է, որ Իրանն Օմանի միջնորդությամբ բանակցում էր Իրանի հետ, և պետք է հանդիպեին երկուշաբթի՝ քննարկելու միջուկային հարցի վերաբերյալ ցանկացած հնարավոր գործարքի տեխնիկական կողմերը։
«Եվ ամերիկացիներն իրենք էլ ընդունում են, որ այս բանակցությունները բավականին լավ են ընթացել»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումն Իրանի վրա նաև «տարածաշրջանի երկրների վստահությունը դավաճանելու» դրսևորում է։
«Սա դավաճանություն է ՄԱԿ-ի ամբողջ համակարգի նկատմամբ, քանի որ ՄԱԿ-ի համակարգի՝ ՄԱԿ-ի կանոնադրության գլխավոր հենասյունը ուժի կիրառման արգելքն է»,- հավելել է նա։
Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ վտանգված է ոչ միայն տարածաշրջանի անվտանգությունը, այլև «միջազգային իրավունքի ամբողջ կառուցվածքը և ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստեղծված նորմատիվ համակարգը»։
Այսօրվա հարձակումներից հետո Կատարը հայտարարել է, որ անորոշ ժամանակով դադարեցնում է հյուրանոցներում և զբոսաշրջային վայրերում բոլոր հանրային միջոցառումները, հավաքույթները։
Դադարեցվում են նաև բոլոր միջոցառումները, որոնք վերաբերում են Ռամադանի ժամանակ վրաններ տեղադրելուն և իֆտարներին (մուսուլմանների պահքի ավարտն ազդարարող ընթրիքն է Ռամադանի ժամանակ), որոնք հյուրանոցներն ու զբոսաշրջային վայրերը սովորաբար կազմակերպում են։
Քուվեյթն իր հերթին անորոշ ժամանակով չեղարկել է թարավիի աղոթքները (երեկոյան կամավոր աղոթքներ, որոնք նույնպես իրականացվում են Ռամադանի ընթացքում)։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարում է, որ իր ուժերը հաջողությամբ պաշտպանվել են Իրանի հրթիռային և անօդաչուների «հարյուրավոր» հարձակումներից, և որ ամերիկյան կողմում մարտական գործողությունների հետևանքով զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն եղել։
ԱՄՆ ռազմական օբյեկտներին հասցված վնասը «նվազագույն» է եղել և չի ազդել գործողությունների վրա, ասվում է հաղորդագրությունում։
Նաև նշվում է, որ այսօրվա ռազմական գործողությունների թիրախում եղել են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարական օբյեկտները, Իրանի հակաօդային պաշտպանության հնարավորությունները, հրթիռների և անօդաչուների արձակման վայրերը և ռազմական օդանավակայանները»։
«Գործողության առաջին ժամերի ընթացքում օդից, ցամաքից և ծովից արձակվել են բարձր ճշգրտության զինատեսակներ։ Բացի այդ, Կենտրոնական հրամանատարության Scorpion Strike օպերատիվ խումբը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ կիրառել է մեկանգամյա օգտագործման գրոհային էժան անօդաչուներ», - ասվում է հայտարարությունում։