Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հայտարարում են քաղաքացիական ամուսնության ավարտի մասին

Լրացված

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը սոցիալական ցանցերում կատարված գրառումներով հայտարարել են իրենց քաղաքացիական ամուսնության ավարտի մասին։

Հակոբյանը և Փաշինյանը միասին չորս երեխա ունեն։ Հակոբյանը նաև տեղեկացրել է, որ լքում է կառավարական առանձնատունը։

Օրեր առաջ Հակոբյանը սոցցանցերում գրել էր, որ իրենց քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է, սակայն այդ գրառումը շատերի կողմից ընկալվել էր որպես երկար տարիներ համատեղ ապրելուց հետո օրենքով ամուսնանալու մասին ակնարկ։

Այս որոշման մասին Փաշինյանը և Հակոբյանը հայտարարարում են Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններից երեք ամիս առաջ, որոնց ընթացքում Փաշինյանը ձգտում է վերընտրվել վարչապետի պաշտոնում։

Հակոբյանը նշել է, որ մտադիր է շարունակել ղեկավարել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը։ 48-ամյա Հակոբյանը ենթադրել է, որ կարող է ենթարկվել քրեական հետապնդման՝ հաշվի առնելով Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի վերջին հայտարարությունները ընտրություններից առաջ բարեգործության արգելքի խախտումների մասին։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, սակայն, չէր խոսել հենց Աննա Հակոբյանին քրեական հետապնդման ենթարկելու մասին, միայն նշել էր, որ ուսումնասիրում են նաև «Իմ քայլը» հիմնադրամի կողմից անգլերենի անվճար դասընթացներ անցկացնելու մասին որոշումը։

Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» հայտնել են, որ Աննա Հակոբյանին առնչվող քրեական գործ չկա, իսկ «բարեգործության արգելքի հնարավոր խախտման բոլոր դեպքերի ուսումնասիրությունը շարունակվում է»:

Ընտրական օրենսգիրքն արգելում է ընտրությունների օր նշանակելուց հետո ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ ասոցացվող կազմակերպություններին բարեգործություն անել։

XS
SM
MD
LG