Երևանի Աջափնյակ շրջանում հնչած կրակոցների առթիվ քրեական գործ է հարուցվել մեկ հոգու նկատմամբ, «Ազատությանը» հայտնել են Գլխավոր դատախազությունից:
Կառույցից մանրամասնել են, որ քրեական վարույթի շրջանակում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 7 դրվագ 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով):
Նրան մեղադրում են ծանրացուցիչ հանգամանքներով մեկ սպանության և նույն բնույթի յոթ սպանության փորձի, ինչպես նաև ապօրինի զենքի շրջանառության և խուլիգանության մեջ։
Ձերբակալման որոշում է կայացվել:
Աջափնյակ վարչական շրջանում փետրվարի 18-ին հնչած կրակոցներից մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել:
Քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության փորձի, սպանության, խուլիգանության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշներով: