Մատչելիության հղումներ

14-ժամյա աշխատանք՝ առանց իրավունքների. տաքսիստները սոցիալական երաշխիքներ են պահանջում

7 տարվա տաքսիստ Սաթենիկ Վարդանյանն այսօր գործընկերների հետ միացավ վարչապետ Փաշինյանին ուղղված նամակին: Հիմնական պահանջն է՝ ճանաչել իրենց ամսական եկամուտն ու գրանցել որպես աշխատող, որ կարողանան օգտվել հունվարից գործող անվճար բժշկական ապահովագրությունից:

«Մենք պահանջում ենք, որպեսզի այդ բոլոր տեղերում մեզ դիտարկեն որպես հիմնական եկամուտ ունեցող քաղաքացի», - ասաց նա:

«Այսօր վարորդներ կան, վթարից, որ նույնիսկ մեղավորությունն իրենը չէ, եկել են, խփել, ոտքը ջարդվել է, այսօր իր հաշվին՝ ոչ բժշկական ապահովագրություն ունի, բժիշկներին փող է տալիս, բայց ինքը պետական տուրք է տվել արդեն 2 տարի», - հավելեց մեկ այլ վարորդը՝ Արթուր Վարդանյանը:

«Յանդեքս» տաքսին սպասարկող վարորդները Բրազիլիայի հրապարակում երկու օր ստորագրություններ կհավաքեն ու կուղարկեն կառավարություն. «Պետությանը մենք հարկ ենք մուծում, եթե ինքը ինձնից վերցնում է որպես տաքսու վարորդ հարկ, ո՞նց է՝ չի գիտակցում, որ այս մարդուն ես հարկում եմ, այդ դեպքում բերեք, գրանցված աշխատող համարենք այդ մարդուն»:

Եթե կառավարության ղեկավարը չկատարի իրենց պահանջը, անհնազանդության խաղաղ ակցիաներ կանեն, հայտարարեց նրանց սատարելու եկած Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:

«Այդքան որ հայտարարում էր կառավարությունում, որ այն աշխատողը, որ 200 հազար դրամից ավելի աշխատավարձ է ստանում, պետք է համարվի առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամի շահառուն, ճի՞շտ է: Այդ մասին զրկված են դրանից, այսինքն՝ իրենք իրենց վաստակածից 25-31 տոկոս գումար են դուրս տալիս, վճարում են, դրա դիմաց մեր երկրում իրենք չկան, պետության համար իրենք չկան», - ասաց Մանուկյանը:

Վարորդները պատմում են, որ օրական նախատեսված 8 ժամի փոխարեն մինչև 14 ժամ են աշխատում, որ կարողանան թե՛ «Յանդեքսի» միջնորդավճարը փակել, թե՛ պետական տուրքը վճարել և գումար առանձնացնեն վառելիքի, մեքենայի և ընտանիքի համար:

«Ամեն ամիս ամեն մարդուց ամենաքիչը 200-250 հազար քերում է, տոկոսադրույքը «Յանդեքսի» սկզբում անտոկոս էր, հետո 3-4 տոկոս ու բարձրացավ: Այս պահին տոկոսադրույքը մինիմալը կազմում է 25 տոկոս: Վարորդներս ստիպված ենք լինում քշել 12-14 ժամ, այդքանից հետո վարորդը չի կարող սթափ լինել, նրա մեջ էլ ուժ չկա», - պնդեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ընդհանուր առմամբ մեկ երթից վարորդին մնում է գումարի մոտ 69 տոկոսը: Մի մասը վճարում են «Յանդեքսին», 4-5 տոկոսն էլ՝ պետությանը՝ որպես պետական տուրք: «Պետական տուրքի» մասին օրենքով են որոշվում տաքսիստ վարորդների՝ պետության առջև պարտավորությունները: Նրանք ո՛չ եկամտահարկ են վճարում, ո՛չ էլ սոցիալական վճար: Չունեն աշխատանքային պայմանագիր, չեն համարվում գրանցված աշխատող, հետևաբար չեն էլ կարող օգտվել առողջապահական անվճար ապահովագրությունից, եթե անգամ ամսական վաստակում են 201 հազար դրամից ավելի մաքուր աշխատավարձ: Զրկված են նաև եկամտահարկի վերադարձից:

Ինչո՞ւ են օնլայն տաքսիների վարորդները հայտնվել լուսանցքում, ինչո՞ւ պետությունը չի կարգավորում նրանց աշխատանքային հարաբերությունները՝ այս հարցերի պատասխաններն այսօր ՊԵԿ-ից ստանալ չհաջողվեց: «Ազատության» զանգերը մնացին անպատասխան:
«Յանդեքսի» ղեկավարությունը ևս մեր հարցերին չպատասխանեց, խնդրեցին գրավոր հարցում ուղարկել, որին էլ, նրանց փոխանցմամբ, կպատասխանեն օրենքով սահմանված ժամկետում:

XS
SM
MD
LG