Մատչելիության հղումներ

Վենսի երևանյան այցի շրջանակներում, Փաշինյանի խոսքով, քննարկվել է գերիների հարցը

Բաքվում անազատության մեջ պահվող հայերի հարցը քննարկվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ նրա երևանյան այցի ժամանակ, Հանրային ՀԸ հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա մանրամասներ չի ցանկացել ներկայացնել, հավելել է միայն, որ հետևողական են լինելու այդ հարցի լուծմանը:

Վարչապետի խոսքով՝ «չկա ուղիղ կամ անուղղակի վերաբերելի որևէ բանակցություն», որտեղ այս թեմային իրենք չեն անդրադառնում:

ԱՄՆ փոխնախագահը Հայաստանից Ադրբեջան մեկնելուց առաջ լրագրողներին ասել էր, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցը բարձրացվելու է։

Հայ գերիները Բաքվում դատապարտվել են երկարատև, որոշ դեպքերում՝ ցմահ ազատազրկման:

Հարցին, թե կա՞ շանս, որ այդ վճիռներից հետո նրանց կարելի է վերադարձնել Հայաստան, Փաշինյանը պատասխանեց, որ այդ որոշումներն իր համար ցավալի են, միաժամանակ նկատեց՝ կոֆլիկտը հնարավոր չէ մի լծակով կանգնեցնել: Ըստ նրա՝ այդ խնդիրը կարելի է լուծել խաղաղության միջավայրում միայն:

Այդ նույն օրերին Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահը որպես այս տարվա պարգևատրվողներ Աբու Դաբիում մասնակցեցին «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակաբաշխությանը։ Փաշինյանը պնդեց՝ այնտեղ «շոշափել են այն գիծը, որից հետո խաղաղությունն այլևս անշրջելի է»:


XS
SM
MD
LG