ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր, խոսելով հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության ձևաչափի մասին, նշել է, թե մտադիր է «քաղաքական, հանրային Նոյյան տապան ստեղծել, որտեղ կհավաքվեն բոլոր հետաքրքիր առաջարկներն ու գաղափարները, լուծումները, որտեղ ամեն մարդ կգտնի իր անելիքը և երկրին օգուտ տալու իր ձևը»։
«Ինչպես Նոյը տեսավ փրկության և վերածննդի ճանապարհը, նույնը մենք պիտի փորձենք անել այսօր», - տարածած հայտարարության մեջ նշել է ԲՀԿ առաջնորդը, այդպես էլ չհստակեցնելով, թե իր մատնանշած «Նոյյան Տապանում» ո՞ր ուժեր են ընդգրկվելու: Արդյոք ընտրություններին գնում է դաշինքով, թե՞ կուսակցական ցուցակով:
Ծառուկյանը միայն ընդգծում է, թե իր առաջարկած «Նոյյան տապանում» կուսակցական պատկանելությունը ոչ մի նշանակություն չունի, այլ կարևորվելու է միայն գիտելիքը. «Ես ձևաչափը պատկերացնում են այդպես. անկախ իրավական լուծումից՝ այն պետք է լինի կարող անհատների «Նոյյան Տապան», որը սկիզբ կդնի նոր կյանքի, նոր հաջողությունների»։
Խոսելով նախընտրական ցուցակի մասին ԲՀԿ առաջնորդը վստահեցրել է, թե որևէ մեկը մինչև օրս իրեն չի դիմել ցուցակում այս կամ այն տեղը զբաղեցնելու համար, ինչը կարևոր է իր համար. «Ես իմ մեջ ունեի որոշում, որ ով էլ դիմեր նման հարցով՝ անկախ իր արժեքից, իր գիտելիքներից, ասելու էի՝ ցտեսություն, քեզ համար տեղ չկա։ Հիմա մանդատակռվի ժամանակը չէ... .. պաշտո´նը չի կարևոր, երկի´րն է կարևոր»:
Գագիկ Ծառուկյանը եզրափակել է՝ պատրաստ է աշխատել բոլոր նրանց հետ, ովքեր իրենց հերթին պատրաստ են դժվար աշխատանքի և ընդունում են «Առաջարկ Հայաստանին» ծրագրի գաղափարները: ԲՀԿ առաջնորդը այսօր ևս մեկ անգամ վերահաստատել է՝ հենց այդ ծրագրով էլ մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին:
Ավելի վաղ մեծահարուրստ գործարարը հայտարարել է՝ 4 ամսից կայանալիք խորհրդարանական ընտրություններում ինքն անձամբ երկրի ղեկավարի պաշտոնին չի հավակնում, բայց ունի վարչապետի միանգամից 3 թեկնածու: