Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը քննարկել են տարածաշրջանային հարցեր։
ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ՝ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, ինչպես նաև դրա շարունակական ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների կարևորությունը:
Նրանք քննարկել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության, ենթակառուցվածքների ցանցի ընդլայնման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերի:
Միրզոյանն ու Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը Անդրադարձել են ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման հարցերի՝ քննարկելով առևտրատնտեսական ու գործարար կապերի, ներդրումային ծրագրերի խթանման տարբերակներ, որոնց արդյունավետ իրացմանը կարող են նաև նպաստել վերջին տարիներին ուղիղ չվերթների աճող քանակն ու զբոսաշրջության ծավալները։
Միրզոյանը ԱՄԷ է մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում, որտեղ մասնակցել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը: