Մատչելիության հղումներ

«Ռոսիմուշչեստվո»-ն հորդորել է «Սիստեմա»-ին հետ վերցնել ՀՀ-ում «Մարս» գործարանի և Մերգելյան ինստիտուտի կառավարումը. Քոչարյան

Ռուսաստանի պետական գույքի կառավարման դաշնային գործակալությունը՝ «Ռոսիմուշչեստվո»-ն «վերջերս առաջարկել և հորդորել է «Սիստեմա» ընկերությունների խմբին հետ վերցնել ՀՀ-ում «Մարս» գործարանի և Մերգելյան ինստիտուտի կառավարումը, այսօրվա ասուլիսում հայտարարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մինչև 2021-ը «Սիստեմա» ընկերությունների խմբի տնօրեններից մեկն էր։

«Ազատություն»-ը գրել էր, որ «Գույք պարտքի դիմաց» գործարքով Ռուսաստանի պետական սեփականություն հանդիսացող երկու գործարանների կառավարումը հանձնվել է նորից «Սիտրոնիկս» ընկերությանը։ Այն մտնում է «Սիստեմա»-ի խմբի մեջ և պատկանում է ռուս միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովին։ Վերջինս հունվարի 19-ին հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ 2023-ին այդ երկու գույքերը տնօրինելու պայմանագիրը «Ռոսիմուշչեստվո»-ի և «Սիստեմա»-ի միջև ավարտվել էր, և «Սիստեմա»-ն ընդհանրապես դուրս էր եկել Հայաստանից. «Այն ժամանակ «Սիստեմա»-ն ուներ նաև «Վիվասել ՄՏՍ» ընկերությունը, որ գնել էր լիբանանցի գործարարից։ Վերջերս «Ռոսիմուշչեստվո»-ն առաջարկել ու հորդորել է վերցնել այդ երկու ձեռնարկությունների կառավարումը։ Դա իրենց սեփականությունը չէ, դա պետական սեփականություն է։ Ռուսաստանի կառավարությունը խնդրել է, հորդորել է «Սիստեմա»-ին կառավարել իր սեփականությունը», - ասաց Քոչարյանը՝ հիշեցնելով, որ մի քանի տարի ինքն արդեն չի զբաղվում ընկերության գործերով, բայց ունի փոքր քանակի արժեթղթեր «Սիստեմա»-ում, որ ստացել է 12 տարի որպես տնօրեն աշխատելու ընթացքում։

Անդրադառնալով այս մասին հարցին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «խոսք է գնում ներդրումային ծրագիր իրականացնելու մասին, ես ողջունում եմ այդ մտադրությունը»:

«Ես 2024 թվականին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ խոսել եմ այդ թեմայով՝ ասելով, որ գույքեր ունեք ՀՀ-ում, մասնավորապես «Մարս» գործարանը, Մերգելյան ինստիտուտի մի հատվածը, որը պատկանում է Ռուսաստանին, այդ պոտենցիալը չի գործում, այնտեղ որպես պահեսներ են օգտագործվում: Իմ ակնկալիքն եմ հայտնել, հույս ունեմ, որ այդ գործարաններն ի վերջո կաշխատեն», - ներկայացրեց նա:

Փաշինյանը նշել է, որ Վլադիմիր Եվտուշենկովն իրեն հայտնել է, որ այդ ուղերձը ստացել է ՌԴ կառավարության ղեկավարի կողմից, որպեսզի այդտեղ իրականացվի ներդրումային ծրագիր:

«Չգիտեմ սեփականության փոփոխություն տեղի է ունեցել, թե ոչ, ամեն դեպքում դա Ռուսաստանի սեփականությունն է, և այնտեղ ինչ լիազորություններ ունի Հայաստանը կիրականացվեն», - ասաց Փաշինյանը:



XS
SM
MD
LG