Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում այսօր ստորագրվեց Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը: Նախաձեռնությանը միացան նաև Հայաստանը և Ադրբեջանը: Հանդիսավոր արարողությանը Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նստել էին կողք կողքի, ապա Դոնալդ Թրամփը միացավ նրանց:
Իլհամ Ալիևի հետ վարչապետ Փաշինյանի առանձին հանդիպման մասին չի հաղորդվել, հայտնի չէ՝ արդյո՞ք նախատեսված է եռակողմ՝ ամերիկյան մասնակցությամբ որևէ քննարկում:
Թեև վարչապետի գրասենյակն ավելի վաղ հայտնել էր, որ Փաշինյանը չի մասնակցելու Դավոսի ֆորումին, նա Շվեյցարիա մեկնեց այսօր՝ միանալու ամերիկյան նախաձեռնությանը:
Միացյալ Նահանգների նախագահը թվելով իր պաշտոնավարման օրոք դադարեցված պատերազմները՝ հիշատակեց նաև հայ-ադրբեջանական հակամարտությունը. «Հայաստան և Ադրբեջան: Այս առաջնորդներից շատերը դարձան իմ ընկերները: Նրանք հիմա այստեղ են»:
Միացյալ Նահանգների նախագահը հինգ տասնյակից ավելի երկրների առաջնորդների է հրավիրել այս հարթակ, ըստ հաղորդումների, հրավեր են ստացել նաև Ռուսաստանի ու Բելառուսի առաջնորդները, որոնք Արևմուտքի կողմից մեկուսացման մեջ էին՝ Ուկրաինայի դեմ պատերազմից հետո: Մոսկվայից և Մինսկից ներկայացուցիչներ այսօրվա միջոցառմանը չկային:
Ի սկզբանե հայտարարվել էր, որ այս նախաձեռնությունը Գազայի վերականգնումն է վերահսկելու, այժմ, սակայն, Թրամփն ավելի մեծ խնդիրներ է դրել խորհրդի առջև՝ հայտարարելով, թե այն պետք է լուծի գլոբալ հակամարտությունները: Սակայն շատ փորձագետների համոզմամբ՝ այս քայլով Թրամփը փորձում է նվազեցնել ՄԱԿ-ի դերը, որի արդյունավետությունը Սպիտակ տան ղեկավարը բազմիցս է քննադատել:
Միացյալ նահանգների ավանդական դաշնակիցներից մի քանիսը զգուշավոր են արձագանքել այս նախաձեռնությանը։ ՆԱՏՕ-ի դաշնակից Ֆրանսիայի առաջնորդը մերժել է դրան միանալ։ Հայաստանը, սակայն, օրեր առաջ է հայտարարել, որ կմիանա Թրամփի առաջնորդած խորհրդին:
«Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը», - հայտարարել էր Փաշինյանի մամուլի քարտուղարը:
Սպիտակ տան աղբյուրը Reuters գործակալությանը հայտնել է, որ հրավերը ստացած 50 համաշխարհային առաջնորդներից 35 -ը համաձայնել են միանալ «Խաղաղության խորհրդին», Դավոս էին ժամանել մոտ երկու տասնյակ երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Թուրքիայի և Հունգարիայի ղեկավարները, որոնց հետ Թրամփն անձնական լավ հարաբերություններ ունի, Ուզբեկստանը, Ղազախստանը, Թուրքիան:
Արևմտյան լրատվամիջոցների ձեռքի տակ էր հայտնվել խորհրդի կանոնադրությունը, ըստ որի՝ դրա բոլոր անդամնեը պետք է վճարեն մեկական միլիարդ դոլար անդամավճար: Պետությունների մանդատը սահմանափակվելու է երեք տարվա ժամկետով, եթե նրանք չվճարեն գումարը, չեն ստանան մշտական անդամակցության կարգավիճակ։
Հայաստանն արդյո՞ք մուծելու է մեկ միլիարդ դոլար, որը երկրի այս տարվա բյուջետային ծախսերի մոտ 10.5 տոկոսն է: «Ազատության» հարցմանն ի պատասխան Արտգործնախարարությունից փոխանցեցին, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը նախատեսում է Խորհրդին անդամակցություն՝ ֆինանսական հատկացումների կամավոր սկզբունքով։
«ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից հրավեր ստացած երկիրը կարող է անդամակցել խորհրդին՝ առանց հստակ սահմանված անդամավճարի՝ մինչև երեք տարի ժամկետով, ինչը սահմանված կարգով ենթակա է վերանայման այդ ժամկետը լրանալուց հետո։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդին անդամակցությանն այս հիմունքներով», - ասված է ԱԳՆ պատասխանում:
«Ձեր կողմից վկայակոչվող անդամավճարը կամավոր է և վերաբերելի է կազմակերպությանը՝ դրա կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում որևէ երկրի կողմից մշտական անդամակցության ցանկություն հայտնելու պարագայում», - նաև նշում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: