Մատչելիության հղումներ

Կալլասը պատրաստ է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ առաջարկել


ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է նոր պատժամիջոցներ առաջարկել Թեհրանի նկատմամբ՝ ի պատասխան ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների։

«ԵՄ-ն արդեն իսկ լայնածավալ պատժամիջոցներ է կիրառել Իրանի նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների, միջուկային զենքի տարածման գործունեության և Ուկրաինայում Ռուսաստանի կողմից տարվող պատերազմին Թեհրանի աջակցության համար», - գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում ասել է Կայա Կալլասը:

«Ես պատրաստ եմ առաջարկել լրացուցիչ պատժամիջոցներ՝ ի պատասխան ռեժիմի կողմից ցուցարարների նկատմամբ դաժան բռնաճնշումների», - հավելել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը։

Երկրում ինտերնետի անջատման պատճառով խիստ սահմանափակ է ստացվող տեղեկատվությունը, հեռախոսային ծառայությունները ևս սահմանափակվել են, այդ պատճառով հնարավոր չէ հստակ պարզել, թե քանի մարդ է զոհվել ցույցերի ընթացքում: Իրավապաշտպան որոշ կազմակերպություններ տարբեր թվեր են հրապարակում՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Մարդու իրավունքների լրատվական գործակալությունը (HRANA)՝ Միացյալ Նահանգներում գործող իրանցի ակտիվիստների կազմակերպությունը, հունվարի 11-ին հայտարարել է, որ վերջին 15 օրերի ընթացքում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 544 մարդ։

Կազմակերպությունը հայտնել է, որ ձերբակալվել է առնվազն 10,061 մարդ, և որ ցույցեր են տեղի ունեցել բոլոր 31 նահանգների 186 քաղաքների 585 վայրերում։

Թեև Իրանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է, որ երկրում ինտերնետը անջատելու որոշումը կայացվել է «անվտանգության իրավասու մարմինների կողմից՝ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված», Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգում է, որ այս ամենն արվում է Իրանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները թաքցնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG