Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ՀԱՀ քաղաքացիների է հավաքագրել Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար. Bloomberg


Ռուսաստանը Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) քաղաքացիների է հավաքագրել Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար՝ օգտագործելով Discord հարթակը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով երկու տղամարդկանց հավաքագրման վերաբերյալ փաստաթղթերին, ինչպես նաև այդ գործընթացին ծանոթ մի անձի։

Գործակալության տվյալներով՝ մոտ 20 տարեկան երկու հարավաֆրիկացիներ պարբերաբար օգտագործել են Discord-ը՝ խաղալով Arma 3։ @Dash անունով օգտատիրոջ հետ շփվելուց հետո տղամարդիկ հանդիպել են Քեյփթաունում և այցելել Ռուսաստանի հյուպատոսություն։ 2024 թվականի հուլիսին նրանք ԱՄԷ-ի միջոցով մեկնել են Ռուսաստան, որտեղ հանդիպել են @Dash-ին։ Սեպտեմբերին տղամարդիկ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ ստորագրել են մեկ տարվա պայմանագրեր։

Մի քանի շաբաթ տևած հիմնական պատրաստությունից հետո նրանցից մեկը ուղարկվել է Ուկրաինա՝ ռազմաճակատ։ Վերջին անգամ նա իր ընտանիքի հետ կապ է հաստատել 2024 թվականի հոկտեմբերի 6-ին, իսկ դեկտեմբերի 17-ին նրա ընկերը ընտանիքին հայտնել է նրա մահվան մասին։ Վկայականում, որը ստացել է ընտանիքը, նշվում է, որ տղամարդը զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելիս՝ 2024 թվականի հոկտեմբերի 23-ին Ուկրաինայի Լուգանսկի մարզում։

Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ ռուսական իշխանությունները, բացի գումարից, նրանց խոստացել են նաև ՌԴ քաղաքացիություն և կրթություն ստանալու հնարավորություն Ռուսաստանում։

Bloomberg-ի տվյալներով՝ Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացիների հավաքագրմամբ զբաղվող անձանցից մեկը եղել է նախկին նախագահի դուստրը՝ խորհրդարանի պատգամավոր Դուդուզիլա Զումա-Սամբուդլան։ Նա տղամարդկանց առաջարկել է Ռուսաստանում անցնել պատրաստություն՝ որպես թիկնապահներ, որպեսզի հետագայում աշխատեն իր կուսակցության համար։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG