Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը իր 20-ամյա որդուն՝ Ախմատ Կադիրովին, նշանակել է Չեչնիայի փոխվարչապետի պաշտոնակատար։ Մեկ այլ հրամանագրով Չեչնիայի նախագահի տեղակալի պաշտոնակատար է նշանակվել տարածաշրջանի ազգային քաղաքականության, արտաքին կապերի, մամուլի և տեղեկատվության նախարար Ահմեդ Դուդաևը։
Նոր նշանակումների մասին Կադիրովը հայտնել է Տելեգրամում, պնդել, թե նոր ղեկավարներն «ունեն մեծ կառավարչական փորձ և բացառիկ մասնագիտական որակներ ու բարձր պատասխանատվություն»։ Ավտորիտար կառավարմամբ հայտնի առաջնորդը, սակայն, չի հստակեցրել՝ արդյոք կադրային փոխատեղումները կապ ունեն իր առողջական վիճակի վատթարացման հետ։ Նոր տարվա նախօրեին լրատվամիջոցները հաղորդել էին, որ Կադիրովը հոսպիտալացվել է և տեղափոխվել Մոսկվա։ Մինչ այժմ այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։
Ախմադտ Կադիրովից բացի բարձր պաշտոններ են զբաղեցնում նաև Կադիրովի մյուս զավակներն ու հարազատները։ Դուստրը՝ Խադիջատը, 24 տարեկանում նշանակվել է Չեչնիայի նախագահի վարչակազմի և կառավարության ղեկավարի առաջին տեղակալ: Փոխվարչապետ դարձած Ախմատ Կադիրովը18 տարեկանում նշանակվել էր Չեչնիայի սպորտի փոխնախարար, երիտասարդության հարցերով նախարար, ինչպես նաև «Ախմատ» ֆուտբոլային ակումբի նախագահ: Կադիրովի մյուս որդին՝ Ադամն էլ16 տարեկանում դարձել էր Չեչնիայի Անվտանգության խորհրդի քարտուղար։