Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մոտ ապագայում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է Զելենսկին:
«Շատ բան կարող է որոշվել մինչև Նոր տարի», - գրել է նա սոցիալական ցանցում:
Ամերիկյան Axios-ի լրագրողը հղում անելով ուկրաինացի պաշտոնյայի՝ X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ նախագահը Ուկրաինայի առաջնորդին կհանդիպի կիրակի օրը Մար-ա-Լագոյում:
Այս շաբաթվա սկզբին Զելենսկին ներկայացրեց 20 կետից բաղկացած խաղաղության ծրագրի նախագիծը, որը նա բնութագրեց պատերազմը դադարեցնելու հիմնավոր հիմք:
Նախագիծը նախնական 28 կետից բաղկացած պլանի կրճատված տարբերակն էր, որը ԱՄՆ-ն ավելի վաղ քննարկել էր ռուսական կողմի հետ:
Այնուամենայնիվ, նոր նախագծում ևս առանցքային տարածքային հարցերը մնում են չլուծված, ավելի վաղ շեշտել է Զելենսկին՝ հավելելով, որ առավել զգայուն հարցերի լուծման համար կպահանջվի հանդիպում Թրամփի հետ:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Մոսկվան վերլուծում է պատերազմը դադարեցնելու մասին փաստաթղթերը, որոնք ԱՄՆ-ից Մոսկվա է բերել Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը: