Երևանում է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից միայն այսօր օրվա երկրորդ կեսին հաստատեցին տեղեկությունը՝ հավելելով, որ Օվերչուկը մասնակցում է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 24-րդ նիստին:
Ժամեր անց Հայաստանի կառավարության լրատվականի տարածած հաղորդագրության համաձայն՝ միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Գրիգորյանը և Օվերչուկը քննարկել են մեկ տարի առաջ Մոսկվայում կայացած 23-րդ նիստի որոշումների կատարման արդյունքները։
«Վերլուծվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար հարաբերությունների ողջ համալիրը, ինչպես նաև սահմանվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության զարգացման հետագա քայլերը։ Կողմերը հատուկ անդրադարձել են էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, թվայնացման, առողջապահության, մշակույթի, գիտության, կրթության և զբոսաշրջության ոլորտներին», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկը ստորագրել են միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի արձանագրությունը, համանախագահների մասնակցությամբ ստորագրվել են նաև մի շարք երկկողմ փաստաթղթեր՝ Ռուսաստանի և Հայաստանի գերատեսչությունների մակարդակով։
Նախորդ շաբաթ Օվերչուկը հայտարարել էր, որ ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև․ երկու դաշինքներում միաժամանակ մնալը անհնար է:
«Մենք բազմիցս ենք ասել այս մասին, կարծում ենք, որ անդամակցությունը երկու ինտեգրացիոն միավորումներին անհամատեղելի է: Ինչ-որ պահի Հայաստանի ժողովուրդը ստիպված կլինի համապատասխան ընտրություն կատարել»,- ասել էր Օվերչուկը։
Նա նշել էր նաև, որ ընդհանուր առմամբ Հայաստանն ու Ռուսաստանը լավ կապեր են պահպանում, սակայն առևտրաշրջանառությունը այս տարի զգալիորեն նվազել է:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինն էլ երեկ ասել էր, որ ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերի և Մոսկվայի հնարավոր մասնակցության վերաբերյալ:
ՀՀ իշխանությունից պնդել էին, որ «Թրամփի ուղու» նախագծում ռուսների հետ նրանց մասնակցության վերաբերյալ քննարկումներ չեն եղել։