ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի Սպիտակ տանը ընդունել է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաային։ Սա Սիրիայի նախագահի առաջին այցն է Վաշինգտոն վերջին 80 տարիների ընթացքում՝ Սիրիայի անկախացումից ի վեր։
Նույն օրը Սիրիայի անցումային կառավարության տեղեկատվության նախարար Համզա Մուսթաֆան X -ում գրել է, որ Դամասկոսը միանում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային՝ «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակում՝ այսպիսով «ուժեղացնելով իր դերը ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանային կայունության ապահովման հարցում»։
Նա ընդգծել է, որ պայմանավորվածությունն «ամբողջությամբ քաղաքական բնույթ ունի և ռազմական բաղադրիչ չի նախատեսում»։
Վաշինգտոնում ընդունելությունը բավականին զուսպ էր․ «Ալ Քաիդա»-ի նախկին հրամանատարը Սպիտակ տուն չի մտել հիմնական մուտքով․ նրա մեքենան մտել է կողային դռնով՝ առանց ավանդական պաշտոնական արարողակարգի։
Լրագրողների հետ զրույցում Թրամփը Շաարային անվանել է «ուժեղ առաջնորդ»։ «Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Սիրիան հաջողության հասնի», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը անդրադարձել է Շարաայի հակասական անցյալին․«Բոլորս էլ բարդ անցյալներ ենք ունեցել», - նշել է Թրամփը։