Մատչելիության հղումներ

Վրաստանում ձերբակալվել է Բիձինա Իվանիշվիլիի երբեմնի դաշնակից Գիորգի Բաչիաշվիլին


Վրաստանի ուժայինները ձերբակալել են երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ դատական վեճերի մեջ գտնվող՝ նրա երբեմնի դաշնակից Գիորգի Բաչիաշվիլիին, ով, ըստ մի շարք լրատվամիջոցների, ավելի վաղ ապօրինի կերպով հատել էր սահմանն ու հայտնվել Հայաստանում։

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն այսօր տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ Բաչիարաշվիլին, որն ունի Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, ձերբակալվել է «Կարմիր կամրջի և Սադախլոյի միջև գտնվող, այսպես կոչված, կանաչ սահմանային հատվածում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում»: Նշված անցակետերի միջև հատվածը կազմում է մոտ 20 կիլոմետր, Վրաստանի ուժային կառույցը չի հստակցենում է՝ որտեղ է Բաչիաշվիլին ձերբակալվել՝ Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի սահմանին:

«Ազատության» վրացական ծառայության փոխանցմամբ՝ Բաչիաշվիլիի իրավաբանական թիմը հայտարարություն է տարածել, պնդելով, որ նրան «բռնի ուժով են վերադարձրել» Վրաստան։

Բիձինա Իվանիշվիլիի կողմից հիմնադրված Համաներդրումային հիմնադրամի նախկին ղեկավար Գիորգի Բաչիաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել 2023 թվականին՝ վերջինիս հայտարարության հիման վրա։ Նրա դեմ մի շարք ծանր մեղադրանքներ են առաջադրվել, այդ թվում՝ ավելի քան 39 միլիոն դոլար արժողությամբ կրիպտոարժույթի գողություն։

Բաչիաշվիլիի անունը վրացական և միջազգային մամուլում կրկին հայտնվեց այս ամսվա սկզբին, հաղորդվեց, որ նա ապօրինի կերպով հատել է սահմանն ու հայտնվել Հայաստանում: Վրաստանի ՆԳՆ-ն պնդեց, որ նա փախուստի է դիմել՝ օգտագործելով մեքենայի հատուկ թաքստոց, իսկ Հայաստանի սահմանային անցակետում ներկայացրել է Ռուսաստանի անձնագիր, տրված իր անունով։ Նշվում է, որ Վրաստանի սահմանն անցել է գաղտնի եղանակով:

Պաշտոնական Երևանը հրապարակավ չի արձագանքել այս հաղորդումներին։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG