Մատչելիության հղումներ

Մբապեն միացավ Մադրիդի «Ռեալ»-ին


Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն, Ամստերդամ, 13 հոկտեմբերի, 2023թ.
Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն, Ամստերդամ, 13 հոկտեմբերի, 2023թ.

Ֆրանսիայի հավաքականի ավագ, հարձակվող Կիլիան Մբապեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալ»-ի հետ։ Փաստաթուղթը ստորագրվել է 5 տարով:

Sky Sports-ի փոխանցմամբ, Մբապեի աշխատավարձը հարկերից հետո կկազմի տարեկան 15 միլիոն եվրո: Ինչպես հայտնում է հեռուստաալիքը, խաղացողը կստանա նաև 100 միլիոն եվրոյի չափով բոնուս:

«Կատարված երազանք: Ես այնքան երջանիկ և հպարտ եմ, որ միանում եմ իմ երազանքների ակումբին: Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե որքան հուզված եմ ես հիմա: Անհամբեր սպասում եմ, որ հանդիպեմ մադրիդցիների հետ և շնորհակալություն հայտնեմ այս անհավանական աջակցության համար»,- գրել է ֆուտբոլիստն X-ի էջում:

Մբապեն 25 տարեկան է և նախկինում հանդես է եկել «Պարի Սեն Ժերմեն»-ում, որի կազմում դարձել է Ֆրանսիայի հնգակի չեմպիոն, երկրի գավաթի և սուպերգավաթի եռակի հաղթող, երկու անգամ նվաճել Լիգայի1-ի գավաթը։

Ընդհանուր առմամբ, Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 308 հանդիպում, խփել է 256 գոլ, կատարել 108 արդյունավետ փոխանցում և ճանաչվել ակումբի լավագույն ռմբարկու։ Ֆուտբոլիստը խաղացել է նաև «Մոնակոյում», որի հետ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։

Ֆրանսիայի հավաքականի կազմում Մբապեն մասնակցել է 77 խաղի, որոնցում դարձել է 46 գոլի և 31 գոլային փոխանցման հեղինակ։

2018 թվականին Ռուսաստանում նա Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն։ 2022 թվականին Քաթարում աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալը։

Աշխարհի վերջին առաջնությունում նա խփել է ութ գոլ՝ դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկու։ 2021 թվականին Ֆրանսիայի հավաքականի հետ Մբապեն հաղթել է Ազգերի լիգայում։

«Ռեալ»-ն Իսպանիայի առաջնությունում 36 անգամ դարձել է չեմպիոն, 20 անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը, 13 անգամ՝ երկրի Սուպերգավաթը:

2023-24 մրցաշրջանում «Ռեալ»-ը նվաճել է Իսպանիայի առաջնությունը, երկրի Սուպերգավաթը:

Բացի այդ, ավարտված մրցաշրջանում մադրիդցիները նվաճել են ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը։

«Ռեալ»-ը բոլոր թիմերից ավելի շատ՝ 15 անգամ է վաստակել եվրոպական ակումբային ֆուտբոլի այդ ամենահեղինակավոր մրցանակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG