Մատչելիության հղումներ

Ասկերանի քաղաքապետը մեղադրվում է նաև «հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելու» համար


Նախօրեին երկամսյա տնային կալանքի ենթարկված Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը մեղադրվում է նաև «հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելու» համար, հաղորդում է Քննչական կոմիտեն:

Երկու օր առաջ ձերբակալված Ասկերանի քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել երկու հոդվածով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության, նաև տեղական ինքնակառավարման մարմնի կողմից փաստաթուղթ կեղծելու հատկանիշներով։ Ըստ Քննչականի՝ մեղադրյալը խարդախությամբ հափշտակել է արդեն գոյություն չունեցող քաղաքապետարանին պատկանող 5.5 միլիոն դրամանոց LADA NIVA-ն։

Քննչական կոմիտեն այսօր հաղորդում է, որ «քննությամբ պարզվել են նշված անձի կողմից առերևույթ կատարված այլ հանցագործության մասին նոր տվյալներ».

«Մասնավորապես, «New Armenia Blog» ալիքում տարածված՝ «Ղարաբաղցիները փողի դիմաց մարդ են հավաքագրում՝ մայիսի 26-ի հանրահավաքին մասնակցելու համար» վերտառությամբ հեռախոսային խոսակցության ձայնագրության առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել, որ նշված խոսակցությունը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում բնակություն հաստատած Կ.Հ.-ի և վերջինիս ազգական, նախկին համայնքի վերոնշյալ ղեկավար Հ.Շ.-ի միջև։

Պարզվել է, որ Կ.Հ.-ն, իր քրոջ թոռան՝ նախկին համայնքի վերոնշյալ ղեկավար Հ.Շ.-ի կազմակերպմամբ, 2024թ. մայիսի 26-ին նախատեսվող հավաքին մասնակցելու նպատակով, նյութապես շահագրգռել է մի շարք անձանց և այդ ուղղությամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Մասնավորապես, Կ.Հ.-ն իր հարազատ Հ.Շ.-ի կազմակերպմամբ՝ յուրաքանչյուր անձի համար 6000 կամ 8000 ՀՀ դրամ, վառելանյութ, հավաքին գիշերակացով մասնակցելու դեպքում՝ նաև սնունդ և ըմպելիքներ տրամադրելու պայմանով, 2024թ. մայիսի 21-ին համաձայնել է, կազմակերպվող հավաքին բազմամարդություն ապահովելու նպատակով, նյութապես շահագրգռել և այդ կերպ ապահովել Վարդենիս համայնքում փաստացի բնակվող, ծնունդով ԼՂ անձանց ֆիզիկական մասնակցությունը հավաքին»:

Հաշվի առնելով, որ նշված երկու դեպքերն առնչվում են միևնույն անձին, նախաքննության համակողմանիությունն ապահովելու նպատակով, վերոնշյալ երկու քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում, որով նախաքննությունը շարունակվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։

Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություններ են ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ Հ.Շ.-ին ներկայացված մեղադրանքը լրացնելու և նրա նկատմամբ նաև ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-ի հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելը կազմակերպելը) քրեական հետապնդում հարուցելու, իսկ Կ.Հ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են, փոխանցում է Քննչական կոմիտեն:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG