Մատչելիության հղումներ

Վերջին երկու օրում արցախցի երրորդ քաղաքապետն է հայտնվում իրավապահների թիրախում

Իրավապահներն այսօր մտել են Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի վարձակալած տուն, որտեղ նա ապրում է ծնողների, կնոջ ու երեք երեխաների հետ։ Շուրջ երկու ժամ խուզարկել են ու, ըստ ընտանիքի անդամների, հեռացել ձեռնունայն. - «Մեզ, մենակ մեզ, ուրիշ ոչ մի բան չգտան»: Քաղաքապետն ինքը տանը չէր։ Նրան ձերբակալելու որոշում արդեն կա։

«Քաղաքական հետապնդում է, ոնց որ բոլոր քաղաքապետները Արցախի, ոնց որ բոլոր պաշտոնյաները: Ու, կարծում եմ, կապված է հենց վաղվա կազմակերպվող համազգային շարժման հետ, այսինքն՝ փորձում են դեռ մեկուսացնել այն մարդկանց, ովքեր կարող են որոշակի... ում համար կամ հենց իր կողքը կարող են կանգնել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանի կինը՝ Էռնա Ջավադյանը:

Արցախցի երրորդ քաղաքապետն է վերջին երկու օրում իրավապահների թիրախում հայտնվում։ Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանը երեք այլ անձանց հետ խոշոր չափերով խարդախություն է արել, կեղծ փաստաթղթեր պատրաստել։ Ավելի պարզ՝ Ստեփանակերտ համայնքին պատկանող 4 ավտոմեքենաները՝ երկու «Վազ-21», մի «Տոյոտա» ու մի «ՈՒԱԶ», որ ավելի քան 19 միլիոն արժեն, բերել են Հայաստան և այլ անձանց նվիրաբերությամբ օտարման գործարքներ արել։ Նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանն ասաց՝ գործի մանրամասներին չի ծանոթացել, հակաիրավական ոչինչ իր պաշտպանյալը չի արել:

«Ինչ որ արվել է, արվել է Ստեփանակերտից Հայաստան գալուց հետո որոշակի գույքը փրկելու համար: Ստացվում է՝ իրենց մեղքը կայանում է նրանում, որ հաջողվել է ինչ-որ մի բան բերեն», - «Ազատությանն» ասաց Հարությունյանը:

Ասկերանի քաղաքապետը, ըստ Քննչականի, համայնքի «Նիվա»ն հափշտակելու համար է կալանավորվել, Մարտակերտի համայնքապետը ձերբակալված է «Շևրոլե»-ի գործով։ Փաստաբան Հարությունյանը չի կասկածում՝ իրավապահներն արցախցի պաշտոնյաներին հիշել են ընդդիմության հավաքներին նրանց մասնակցության համար:

«Ես այսօր արդեն երկրորդ խուզարկությանն եմ մասնակցում: Առավոտյան նաև այլ անձանց տուն են գնացել՝ սրբազանին մոտ կանգնած մարդկանց բնակարաններ էին գնացել, հերթով փորձում են բոլորին ազատազրկման, կալանքի տանել, բոլորին ազատությունից զրկել: Պարզ է, չէ՞, ինչումն է խնդիրը՝ խնդիրը նրանում է, որ էդ մարդկանց մեկուսացնեն, մյուս արցախցի բնակիչների մոտ վախի մթնոլորտ ձևավորեն», - ասաց Հարությունյանը:

Քննչական կոմիտեից ասում են՝ հրապարակել են քրեական վարույթով ձեռք բերված և մեղադրանքի հիմքում ընկած փաստական տվյալները, որոնք, ըստ կոմիտեի, փաստաբանների անհիմն պնդումների հետ կապ չունեն։ Արցախի մեծ տեղահանումից անցել է ութ ամիս, մեքենաների հետ այս գործարքները հունվար-փետրվարին արդեն ավարտված են եղել, ինչո՞ւ են իրավապահները արքեպիսկոպոսի վաղվա հանրահավաքից առաջ հիշել այդ մասին՝ կոմիտեից չեն մեկնաբանում:

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն է հարցեր շարել արցախցի պաշտոնյաների նկատմամբ սկսված քրեական այս շղթայի վերաբերյալ. - «Ինչո՞ւ են ոստիկանությունում համայնքների ղեկավարներին խորհուրդ տվել և ընդունել, որ այդ մեխանիզմը կիրառեն՝ համայնքապատկան մեքենաների հաշվառման խնդիրը լուծելու համար, իսկ հիմա դա մեկնաբանում են որպես հանցագործություն: Կարո՞ղ է հանկարծ Հայաստանի ոստիկանությունը պատրաստ էր մեքենաները հաշվառել արցախյան համայնքների անունով. արդյո՞ք իրենք չեն ստիպել, որ մասնավոր անձանց անունով գրանցվեն մեքենաները»:

Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառմամբ պնդել է. - «Փաստի առաջ կանգնեցնելով տվյալ համայնքների ղեկավարներին ու ավագանիներին՝ Հայաստանի լիազոր մարմինները ստիպել են նրանց մասնավորեցնել համայնքապատկան մեքենաները, որպեսզի հնարավոր լինի պետական հաշվառում իրականացնել»:

Արդյո՞ք Հայաստանի ճանապարհային ոստիկանությունում են հուշել համայնքապատկան մեքենաների օտարման այս սխեման՝ Քննչական կոմիտեից ասում են՝ բոլոր հանգամանքները պարզ կդառնան քրեական վարույթի շրջանակում։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG