Մատչելիության հղումներ

Գյումրիում ռուսական սահմանապահ ջոկատի շինարարությունը շարքից հանում է վերանորոգված Սահմանապահների փողոցը


Գյումրիի Սահմանապահների փողոցն է, որը տանում է դեպի ռուսական սահմանապահ ջոկատ։ Տասնամյակներով անբարեկարգ փողոցը երկու տարի առաջ սուբվենցիոն ծրագրով նորոգվել է, բայց բնակիչների ուրախությունը երկար չի տևել, փողոցի որոշ հատվածներում արդեն փոսեր են։

Հարևանությամբ ապրող Ռաֆիկ Բարսեղյանը պատճառն էլ գիտի, մեղավորներին էլ, մատնացույց է անում ռուսական սահմանապահ ջոկատը, որտեղ շինարարություն է ընթանում՝ ջոկատն իր հիմնադրման 100-ամյակին է պատրաստվում։

«Քանդվելու պատճառը, մեծ ավտոները, վայեննի չաստը [զորամասը՝ ռուսերեն] ինչ-որ ընդեղ 100-ամյակը պիտի տոնեն գարնիզոնի [կայազոր՝ ռուսերեն], ստեղ տված էր 20-տոննանոց մեքենաների անցնելու համար, բայց կանցնին 40-50-տոննանոց մեքենաներ: Դրա համար էլ փողոցի վիճակը քարուքանդ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բարսեղյանը:

Ռուսական սահմանապահ ջոկատի դարպասներից այն կողմ ընթացող շինարարությանը բնակիչները հետևում են՝ հաշվելով ներսուդուրս անող ծանր տեխնիկան։ Գարիկ Մեքինյանն ասում են՝ հիմա հերթը հասել է ասֆալտին. - «Հըլը էլի աշխատանքներ ունին, քանի որ ասֆալտապատումը չի եղել՝ շիբին [խիճ՝ ռուսերեն], հողակրում, բան է, բայց ասֆալտապատումը չի եղել։ Էդ ասֆալտն էլ մինչև բերեն՝ մինչև մեկը կսարքեն, մեկը կփչացեն»։

«Պետությունը փող է ծախսել, նիուժե՞լի [միթե՝ ռուսերեն] ափսոսանք չկա։ Չաստը ուներ տիլնի վառոտ [թիկունքային դարպաս՝ ռուսերեն] հետևի մասից, թող շինարարությունը ընդեղից կատարվեր՝ էս փողոցը շարքից դուրս չգար։ Հմի դուրս է էկել, մենք կդիմենք՝ ինչի համար. վերջացրեցին իրանց գործերը՝ իրանց թերությունը էս էլ վերջացնեն, հանկարծ հետո հետևանք չմնա», - հավելեց Մեքինյանը:

85-ամյա Օնիկ Խաչատրյանի տունն առավել մոտ է սահմանապահ ջոկատին։ «Սաղ չաստում սբանին թողին մեզի: Յանի մարդիկ ասֆալտեցին՝ ըսոնք էլ էլի եկան նորից քանդին: Գռուզավիկ մաշինեք կանցնին, օրական 3-4-5-10 ռես կերթան ու գուկան, սևը էկավ ասֆալտի վրա», - ընդգծեց տարեց գյումրեցին:

Թաղի բնակիչներն այդպես էլ չհիշեցին գեթ մի դեպք, երբ ռուսական կողմը իր դարպասներից այս կողմից իր իսկ ջոկատ տանող ճանապարհը կամ գոնե խճապատի, կամ էլ հարթեցնի։

«Մեզի հեչ օգուտ չեն տվե բացի վնասից: Փաստ՝ օրական տաս անգամ 40-տոննանոց մաշինա կերթա ու գուկա», - ասաց Օնիկ Խաչատրյանը:

Նկարահանման պահին ակտիվացավ ռուսական սահմանապահ ջոկատի ծառայողական մեքենաների ելումուտը։ Հետաքրքրվում էին՝ ինչ ենք նկարահանում։ «Ազատության» հարցերին չպատասխանեցին։

Գյումրիի քաղաքապետի տեղակալ Սուրեն Ջանոյանն ասում է՝ խնդրին տեղյակ են և ռուսական կողմի հետ արդեն պայմանավորվածություն ունեն։

«Մոտակա ժամանակներս տվյալ հասցեի տարածքում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվելու: Աշխատանքների իրականացվելուց հետո, երբ որ արդեն իսկ ավարտվեց իրենց ամբողջ հատվածի վերանորոգման աշխատանքները, նոր էդ իրենց առաջացրած թերությունները ամբողջությամբ իրենց միջոցներով պետք է վերանորոգեն, վերականգնեն, բերեն նախկին տեսքին, քանի որ իրոք փողոցը շատ նորմալ էր վերանորոգվել, և ընդհանրապես չպետք է նման խնդիր առաջանար: Բայց խնդիրը առաջացել է ծանր տեխնիկաներ անցնել-դառնալուց», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ջանոյանը:

Երաշխիք ունե՞ն, որ ռուսական կողմը կպահի խոստումն ու կվերացնի պատճառած վնասը. - «Մեր հետևողականության արդյունքում անպայման շատ կլինենք աչալուրջ, որպեսզի կարողանանք էդ հարցերը կարգավորենք», - վստահեցրեց փոխքաղաքապետը՝ հավելելով. - «Իմ կարծիքով, մեր խոսակցության արդյունքում, ինձ թվում է, որ կգանք դրական լուծման: Չեմ կարծի, որ մի բան խոստանան ու չկատարեն»:

Ռուսական սահմանապահ ջոկատից բացի Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի մի քանի զորամասեր կան, հարակից համայնքներում էլ՝ ուսումնավարժարաններ։ Բացի Գյումրիից, ռուսական ծանր զինտեխնիկան շարքից հանում է մի շարք միջհամայնքային ճանապարհներ, որոնցով դեպի իրենց ուսումնավարժարաններ են գնում։ Մի քանի տարի առաջ Գյումրիի համայնքապետարանը հայ-ռուսական միչգերատեսչական հանձնաժողով էր դիմել՝ քաղաքի փողոցներին հասցված վնասի փոխարեն 10 կմ ճանապարհը նորոգելու համար։ Ռուսական կողմը դիմումը մերժել էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG