Մատչելիության հղումներ

Կիրանցից բերման ենթարկված 30 անձինք ազատ են արձակվել


Կիրանց, 2-ը մայիսի, 2024թ․
Կիրանց, 2-ը մայիսի, 2024թ․

Կիրանցից բերման ենթարկված 30 անձինք ազատ են արձակվել, «Ազատության»-ը փոխանցեցին՝ Ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից՝ պնդելով՝ նրանք չեն կատարել ոստիկանների օրինական պահանջը։

Տղամարդիկ, ըստ ամենայնի, այժմ վերադառնում են գյուղ։

Իրավապահները նաև հերքում են բերման ենթարկվածներին ծեծի ենթարկելու տեղեկությունները։

Ոստիկանությունն այսօր վաղ առավոտից փակել է Իջևանից Կիրանց տանող ճանապարհը՝ արգելելով նաև լրագրողների մուտքը գյուղ:

Բնակիչներն ահազանգեցին՝ ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել գիշերը հերթապահություն իրականացնող տղամարդկանց։

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ «Ազատության»-ը փոխանցեց, որ առավոտյան ժամը 6-ին կարմիր բերետավորները մտել են գյուղ և մարդկանց ծեծելով, բիրտ ուժ կիրառելով տարել են Իջևանի բաժանմունք։

Նա նաև ասաց, որ բերման ենթարկվածների թվում երեք անչափահաս կա, ըստ ընդդիմադիր պատգամավորի, գրեթե բոլոր բերման ենթարկվածները մարմնական վնասվածքներ են ստացել։

Ավելի ուշ Ներքին գործերի նախարարությունը պարզաբանեց՝ բերման է ենթարկվել 31 քաղաքացի, իսկ Կրանցի հատվածում ականազերծում և ուժեղացված ծառայություն է իրականացվում։

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Կիրանցի հատվածում կա սահմանազատման ենթակա 11 կետ։ Առաջիկա օրերին կսկսեն այն հատվածի սահմանազատումը, որը չի վիճարկվում, իսկ մյուս 3 կետերի շուրջ լուծումներ կփնտրեն։

XS
SM
MD
LG