Մատչելիության հղումներ

Ըստ ՆԳՆ-ի՝ Կիրանցի հատվածում ականազերծում և ուժեղացված ծառայություն է իրականացվում


Կիրանց գյուղի մուտքը, ապրիլ, 2024թ․
Կիրանց գյուղի մուտքը, ապրիլ, 2024թ․

Հայաստանի պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, հաղորդում է Հայաստանի ներքին գործերի նախարարությունը։

Ըստ ՆԳՆ-ի ականազերծումն իրականացվում է պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար:

Նախարարությունը նաև նշում է, որ ոստիկանությունն ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար:

Ոստիկանությունն այսօր առավոտից փակել է Իջևանից Կիրանց տանող ճանապարհը՝ արգելելով նաև լրագրողների մուտքը գյուղ:

«Ազատության» աշխատակցին տեղում ոստիկանության գնդապետը փոխանցել էր, որ հատուկ գործողություն է իրականացվում, ճանապարհը փակ է «անվտանգության նկատառումներով»:

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էր նաև ֆեյսբուքում գրառում կատարել՝ նշելով, որ «ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը, մեծաքանակ ոստիկանականներ լցվել են գյուղ, ականազերծման աշխատանքներին խոչընդոտող գյուղացի տղամարդիկ վայրենի կերպով բերման են ենթարկվել»:

Ոստիկանության փոխանցմամբ, բերման ենթարկվածների թիվը 31 է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG