Մատչելիության հղումներ

Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել


Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին։ Բաղանիսցի Մեխակ Հարությունյանը, որ գյուղապետարանի կոմունալ բաժնի աշխատակից է, ամեն կիրակի գյուղի տներից հավաքում է աղբն ու հասցնում Ադրբեջանին փոխանցվող հարակից Բաղանիս-Այրումի տարածք, որտեղ գյուղի աղբավայրն է։ Ասում է՝ երեկ վարչապետի հրապարակած քարե, համարակալած սյունը աչքով չի ընկել, բայց փայտից, կարմիրով ներկած սյուներ տեսել է հենց աղբանոցին կից։ Անգետ մարդն էլ կհասկանար՝ նոր սահմանն է, ասում է։

«Մի 5-6 հատ կար, ամեն 10 մետրի վրա մի հատ խփած էր։ Համարակալած չէր, կարմիր գույնով կռասկած կեսից վերև», - ասում է նա։

Հիմա սպասում է՝ գյուղապետարանում կորոշեն՝ շարունակե՞ն աղբը Ադրբեջանին անցնող տարածք տանել, թե ոչ։ Բայց կոմունալի աշխատակից Մեխակին մի բան պարզ է՝ տեղանքն արդեն վտանգավոր է՝ մոտենալ չի լինի։

Երեկ ուժայինները վաղ առավոտից փակել էին Բաղանիսից դեպի Ոսկեպար գնացող ճանապարհը, անգամ ամեն օր կենդանիներին այդ հատվածում արածեցնող անասնապահների մուտքն էր արգելված։ Գյուղացիներից շատերն այսօր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, բայց պատմեցին, որ Բաղանիսում երեկվա լարված իրավիճակը հենց դրա հետ էր կապված։

Գյուղացիներից մեկի անասունները մնացել էին նոր գծվող սահմանից այն կողմ, ու ոստիկանները ոչ մի կերպ չէին համոզվում բացել ճանապարհը անասուններին գյուղ վերադարձնելու համար։ Երեկոյան ենթադրաբար իրենց արոտավայրերի տարածքում քարե, համարակալած սյունը տեղադրելուց հետո է միայն ճանապարհը բացվել, անցուդարձն իրենց սովոր ավտոճանապարհով՝ վերականգնվել։ Երեկվա եղածը եղած, բայց բաղանիսցիներն ասում են՝ կիրակի օրը կարմիրով ներկած սյուները տեսնելուց հետո գրեթե բոլորն իրենց անասունին կա՛մ սարն են քշել, կա՛մ էլ գոմում պինդ կապել։

«Օդերը փակած է գյուղացու։ Էլ չեն կարող անտառ տանել... իրավիճակը լավ չի», - ասում է Մեխակ Հարությունյանը։

Սվետլանա Ալեքսանյանն ասում է՝ իրենց կովերին երկու օր առաջ սարերը քշեցին ադրբեջանական Բաղանիս-Այրումից հեռու։ Եթե նախկինում մայիսին էին անասունը սարեր տանում, այս տարի որքան հնարավոր է շուտ կազմակերպեցին։ Կառավարության հավաստիացումները, թե երկու կողմից սահմանապահներ են կանգնելու՝ կրակոցները կանխելու համար, չի հուսադրում. դառը փորձ ունեն. - «Իմ տղայի երեք կովը կրակեցին ավտոմատով, սպանեցին թուրքերը 18 թվին»։

Այսօր էլ նոր սահմանագծվող տեղանքի բլուրներին երկու կողմի զինվորականներ կային, տարբեր հատվածներից հսկողություն էր սահմանվել։ Գյուղացիները «Ազատության»-ն էլ հորդորեցին չմոտենալ, ավելորդ խոսակցություններից, գուցե վտանգից խուսափելու համար։

Մանրամասները՝ ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG